Եռակողմ սոցիալական գործընկերության և ներառական աշխատաշուկայի հարցերը՝ միջազգային համաժողովի օրակարգում

20-06-2025
Եռակողմ սոցիալական գործընկերության և ներառական աշխատաշուկայի հարցերը՝ միջազգային համաժողովի օրակարգում

Հունիսի 20-ին Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը մասնակցեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից կազմակերպված «Միավորվելով հանուն սոցիալական արդարության» թեմայով 3-րդ միջազգային համաժողովին։

Համաժողովի ընթացքում քննարկվեցին Սոցիալական արդարության կոալիցիայի շրջանակում ունեցած ձեռքբերումները, ոլորտային մարտահրավերներն ու սոցիալական արդարության սկզբունքների խթանման ուղղությամբ համագործակցության հնարավորությունները։

Համաժողովին ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ԱՄԿ գլխավոր տնօրենի օգնական և Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Բեատե Անդրեեսը։ Միջոցառմանը մասնակցում էին նաև Չեխիայի Հանրապետության փոխվարչապետ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մարիան Յուրեչկան, Վրաստանի օկուպացված տարածքներից ներքին տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Միխեիլ Սարջվելաձեն, Իտալիայի Հանրապետության հաշմանդամություն ունեցող անձանց հարցերի նախարար Ալեսանդրա Լոկատելլին, Արաբական Միացյալ Էմիրությունների Մարդկային եղբայրության բարձրագույն կոմիտեի գլխավոր քարտուղար Խալիդ Ղանիմ Ալ-Ղայթը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Միջոցառման չորս պանելային քննարկումների շրջանակում բանախոսները խոսեցին սոցիալական արդարության ամրապնդման գործում մարդկային եղբայրության գաղափարի, արդար և ներառական աշխատաշուկայում գլոբալ գործընկերությունների, արհեստական բանականության դերի, խոցելի խմբերի հզորացման և մի շարք այլ թեմաների մասին։

Դավոսի ձևաչափով անցկացվող «Գլոբալ գործընկերություններ՝ արդար և ներառական աշխատաշուկայի համար» խորագիրը կրող պանելային քննարկման բանախոսներն էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ԱՄԿ գլխավոր տնօրենի օգնական և Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Բեատե Անդրեեսը, Չեխիայի Հանրապետության փոխվարչապետ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մարիան Յուրեչկան և ՀՀ Ազգային ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը: Քննարկումը վարում էր Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը։

Բանախոսների մասնակցությամբ քննարկման շրջանակում բարձրացվեցին մի շարք առանցքային հարցեր, այդ թվում՝ ՀՀ կառավարության, Հայաստանի գործատուների հանրապետական միության և Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի միջև եռակողմ սոցիալական գործընկերության ինստիտուտի կայացման հեռանկարները, գլոբալ գործընկերությունների դերակատարությունը ներառական աշխատաշուկայի ձևավորման գործընթացում աշխատանքային իրավունքների պաշտպանության արդյունավետ մեխանիզմների կիրառումը, ինչպես նաև արժանապատիվ աշխատանքի ապահովման ուղղությամբ առկա մարտահրավերներն ու հնարավորությունները։

ՀԳՀՄ նախագահ Վահագն Համբարձումյանը հանդես եկավ հարցադրմամբ սոցիալական արդարության ամրապնդման գործընթացում գործատուների առավել ակտիվ ներգրավման արդյունավետ մեխանիզմների վերաբերյալ։ Միաժամանակ նա վերահաստատեց Միության պատրաստակամությունը շարունակելու սերտ և կառուցողական համագործակցությունը սոցիալական գործընկերների հետ՝ հանուն արդար, ներառական և արժանապատիվ աշխատանքի միջավայրի ձևավորման։

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ