REnForce կրթական նախաձեռնությունը` որպես կանաչ ապագայի զարգացման հիմք

07-10-2025
REnForce կրթական նախաձեռնությունը` որպես կանաչ ապագայի զարգացման հիմք

2025 թվականից մեկնարկել է REnForce (Renewable Energy Workforce) «Վերականգնվող էներգիայի ոլորտում աշխատուժի ներուժի ամրապնդում» Էրազմուս+ եռամյա ծրագիրը, որն ուղղված է վերականգնվող էներգիայի ոլորտում որակյալ մասնագետների պատրաստմանը։

Այս նախաձեռնության հիմքում դրված են Հայաստանի  էներգետիկայի ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրի (մինչև 2040թ.)  առաջնահերթությունները, որոնք նպատակ ունեն զարգացնել կանաչ տնտեսության մարդկային կապիտալը և խթանել վերականգնվող էներգետիկ ռեսուրսների և էներգաարդյունավետ տեխնոլոգիաների արդյունավետ օգտագործումը:

Ծրագիրն իրականացվում է Էրազմուս+ նախաձեռնության շրջանակում՝ տեղական և միջազգային մի շարք գործընկերների համագործակցությամբ`

  • Հայաստանի գործատուների հանրապետական միություն (ՀԳՀՄ/RUEA)
  • «Արփի Սոլար» ընկերություն
  • Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
  • Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի քոլեջ
  • Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան
  • Տավուշի Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային քոլեջ

ինչպես նաև միջազգային գործընկերներ՝

  • RISEBA կիրառական գիտությունների համալսարան (Լատվիա)
  • Շկոդա Ավտո համալսարան (Չեխիա)
  • Green Tech Latvia
  • IHF asbl (Բելգիա)

Ծրագրի նպատակն է զարգացնել վերականգնվող էներգիայի ոլորտի մասնագիտական կրթության համակարգը՝ պատրաստելով ժամանակակից շուկայի պահանջներին համապատասխան մրցունակ մասնագետներ։ Այդ նպատակով ՀԱՊՀ քոլեջում կներդրվի նոր միջին մասնագիտական կրթական ծրագիր վերականգնվող էներգիայի ոլորտում, իսկ ՀՀ երեք ՄԿՈՒ հաստատություններում գործող ծրագրերը կարդիականացվեն՝ համապատասխանեցնելով աշխատաշուկայի պահանջներին։

2025 թ. սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 4-ը ծրագրում ընդգրկված բոլոր գործընկեր կառույցների ներկայացուցիչները ուսումնաճանաչողական այցով գտնվում էին Լատվիայում՝ վերականգնվող էներգիայի ոլորտում կիրառվող նորարարական տեխնոլոգիաներն ու ՄԿՈՒ հաստատություններում կրթության կազմակերպման առաջատար փորձը ուսումնասիրելու նպատակով։ Հայաստանի գործատուների հանրապետական միության կողմից մասնակցում էին ծրագրի կառավարման խորհրդի անդամներ՝ ՀԳՀՄ նախագահի տեղակալ Մարիա Խախամյանը և գործադիր տնօրեն Լիլիթ Ադամյանը։

Ուսումնական ճամփորդության արդյունքում կամբողջացվի նոր կրթական մոդուլը, որը մշակվել է` հիմք ընդունելով աշխատանքի վրա ուսուցման (Work-Based Learning) մոդելը, ինչը հնարավորություն կտա ուսանողներին կիրառել ձեռքբերված գիտելիքներն ու ամրապնդել գործնական հմտություններն աշխատանքի հետ զուգահեռ։ Կրթական ծրագրի հիմքում ընկած է նաև 2024 թվականին ընդունված նոր «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքը, որն ամրապնդում է աշխատանքի վրա հիմնված ուսուցման իրավական հիմքերը, ներառական կրթության երաշխիքը և միկրո-որակավորումների (micro-qualifications) տրամադրումը։

Ծրագրի հիմնական ուղղություններն են՝

  • Աշխատուժի հզորացում վերականգնվող էներգիայի ոլորտում
  • Աշխատանքի վրա հիմնված ուսուցում (WBL)
  • ՄԿՈՒ անձնակազմի կարողությունների զարգացում
  • ՄԿՈՒ-աշխատաշուկա կապի ամրապնդում
  • Միջազգային համագործակցություն
  • Որակի վերահսկման մեխանիզմների ներդրում

REnForce ծրագիրը ոչ միայն միտված է խթանելու կրթական բարեփոխումները և աշխատաշուկայի պահանջների ներդաշնակեցումը, այլև ներդրում է Հայաստանի վերականգնվող էներգիայի ոլորտի կայուն զարգացման և կանաչ անցման գործընթացում։

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ