Հանդիպում ԱՄԿ բարձրաստիճան պատվիրակության հետ և նոր կրթական ծրագրի պաշտոնական մեկնարկ
.jpg?token=e116f82179a19be63f8728b997722a3f)
Հունիսի 18-ին Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) նախագահ Վահագն Համբարձումյանը հյուրընկալեց Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) գլխավոր տնօրենի օգնական, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Բեատե Անդրեեսին, տնօրենի ուղեկցորդ Գիդո Հենսին, ԱՄԿ արժանապատիվ աշխատանքի տեխնիկական բաժնի գործատուների ավագ մասնագետ Վլադիմիր Չուրովիչին և ԱՄԿ ազգային համակարգող Նունե Հովհաննիսյանին։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին մի շարք համապարփակ և ռազմավարական հարցեր, որոնք համահունչ են Աշխատանքի միջազգային կազմակերպության գլոբալ առաջնահերթություններին, ՀՀ կառավարության՝ մասնավորապես Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընթացիկ ծրագրերին, ինչպես նաև Հայաստանի գործատուների հանրապետական միության գործունեության հիմնական ուղղություններին։
ԱՄԿ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Բեատե Անդրեեսը ջերմորեն ողջունեց Միության` Գործատուների միջազգային կազմակերպությանը (IOE) անդամակցելու գործընթացի մեկնարկը, որը նախաձեռնել է ՀԳՀՄ նախագահ Վահագն Համբարձումյանը՝ վերջերս Ժնևում կայացած Միջազգային Աշխատանքային Համաժողովի շրջանակում IOE գլխավոր քարտուղարի հետ ունեցած բարձր մակարդակի հանդիպման արդյունքում։ Քննարկման ընթացքում հատուկ անդրադարձ կատարվեց սոցիալական գործընկերության ամրապնդման, ՀԳՀՄ ինստիտուցիոնալ կարողությունների կայուն զարգացման, միջազգային համագործակցության ընդլայնման, ֆորմալ տնտեսության խթանման, ինչպես նաև սոցիալական արդարության հաստատմանն ուղղված աշխատանքներին։ Վահագն Համբարձումյանն ընդգծեց, որ արդեն մշակված է «Գործատուների միությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն ակնկալվում է ընդունել ՀՀ Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի ընթացքում։ Բացի այդ, գրեթե պատրաստ է նաև Հանրապետական Կոլեկտիվ Պայմանագիրը, որի ստորագրումը նախատեսվում է առաջիկայում ՀՀ կառավարության, Հայաստանի գործատուների հանրապետական միության և Արհմիությունների կոնֆեդերացիայի միջև եռակողմ ձևաչափով։
Կողմերը վերահաստատեցին փոխադարձ պատրաստակամությունը՝ շարունակելու արդյունավետ համագործակցությունը և իրականացնելու համատեղ միջոցառումներ, որոնք կխթանեն արժանապատիվ աշխատանքային միջավայրի բարելավումը և կնպաստեն սոցիալական պաշտպանության ամրապմդմանը։
Հանդիպման երկրորդ հատվածում պատվիրակության անդամները մասնակցեցին ՀԳՀՄ-ի կողմից կազմակերպված ձեռնարկատիրական կրթության ծրագրի բացման արարողությանը և իրենց ողջույնի խոսքերն ուղղեցին ծրագրի մասնակիցներին։ Ծրագիրն իրականացվում է ԱՄԿ աջակցությամբ՝ ՀՀ-ում ֆորմալացման խթանման նախաձեռնության շրջանակում և նպատակ ունի աջակցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչությանը՝ զարգացնելու նրանց ձեռնարկատիրական կարողությունները։
Ծրագիրը բացառիկ հնարավորություն է շուրջ 100 շահառուի համար՝ մեկամսյա դասընթացների միջոցով ձեռք բերելու բիզնես հիմունքներին վերաբերող տեսական ու գործնական գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են սեփական բիզնեսի ստեղծման և կայուն զարգացման համար։ Դասընթացները կանցկացվեն երեք առանձին խմբերով առկա և առցանց ձևաչափերով՝ հասանելի դարձնելով ուսուցումը ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում բնակվողների համար։
Ծրագրի առանցքային բաղադրիչներից է Հայաստանի Հանրապետության օրենսդրական համակարգի խորքային ուսումնասիրությունը, ինչը կարևոր նշանակություն ունի` հաշվի առնելով, որ այն զգալիորեն տարբերվում է Լեռնային Ղարաբաղում գործող նորմատիվ կարգավորումներից։ Մասնակիցները կստանան համալիր պատկերացում բիզնեսի պետական գրանցումից մինչև հարկային համակարգ և ձեռնարկատիրության ոլորտին առնչվող իրավական կարգավորումներ՝ ապահովելով օրենսդրական դաշտի բոլոր անհրաժեշտ բաղադրիչների ճիշտ ընկալումն ու պրակտիկ կիրառումը։
Բովանդակային առումով դասընթացը ներառում է նաև բիզնես պլանավորման, ֆինանսական կառավարման, շուկայի վերլուծության և ֆինանսական ռեսուրսների ներգրավման գործնական հմտություններ։ Ուսումնական փուլի ավարտից հետո ծրագիրը նախատեսում է նաև մենթորական շարունակական աջակցություն՝ մասնակիցներին օգնելու իրենց մշակած բիզնես գաղափարների գործնական իրականացման և զարգացման ճանապարհին։ Սա նշանակում է, որ ծրագրի ազդեցությունը կշարունակվի նաև դասընթացից հետո՝ ապահովելով գիտելիքի փոխակերպումը գործողության։
Դիտել տեսանյութը՝ https://youtu.be/3h6TpiOL8VE?si=QvUvNodBMgL2UtTw
ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
-
15-05-2021Պարենային անվտանգության համակարգը կարող է դառնալ տնտեսության տարբեր ճյուղերը ինտեգրելու և փոխկապակցելու անկյունաքար, ինչպես նաև տնտեսության զարգացման այլընտրանքային մոդել: ՀԳՀՄ-ն և Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) իրականացրել են Հայաստանի պարենային անվտանգության համակարգի բազմափուլ գնահատման ծրագիր, որի արդյունքում 2021թ. փետրվարի 5-ին կազմակերպվեց կոնֆերանս` քննարկելու այն հիմնաքարերը, որոնց շրջանակում ՀՀ պարենային անվտանգության համակարգը կարող է նպաստել տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը (մեր գնահատականով առկա են պարենի անվտանգության հետ կապված առնվազն 15 այդպիսի ճյուղային կապեր):
-
05-10-2014ALIGN ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների նպատակն էր աջակցել ՀՀ բուհերին՝ համաձայնեցնել ՀՀ կրթական ծրագրերը ՀՀ ազգային և ոլորտային կրթական պահանջներին: Թրեյնինգները ձևավորվել են TEMPUS ARMENQA և INARM ծրագրերի շրջանակում՝ համաձայն եվրոպական կրթական համակարգի պահանջների:
-
27-02-2020Կայացավ «Աշխատանքի անվտանգության ապահովման և առողջության պահպանման կարևորությունը գործատուների համար» կոնֆերանս-քննարկումը, որը կազմակերպվել էր ՀԳՀՄ կողմից՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ:
-
30-04-20212021թ. ապրիլի 30-ին, ՀԳՀՄ 3 ներակայացուցիչները մասնակցեցին «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» գործողության «Ռեսուրսների խնայողություն եւ մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) բաղադրիչի առաջընթացի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը: Հանդիպման հիմնական նպատակն էր ցուցադրել ՌԱՄԱ պրակտիկայի հնարավոր կիրառումը՝ հիմնված սննդի/գյուղատնտեսության, շինանյութի եւ քիմիական արդյունաբերության վրա, ինչպես նաեւ ստանալ առաջարկություններ շահագիգիռ այլ կազմակերպությունների հետ գործընկերության հնարավորությունների վերաբերյալ: