ՀԳՀՄ անդամները մասնակցեցին Չինաստանում ՇՀԿ երկրների միջև անդրսահմանային էլեկտրոնային առևտրի զարգացմանը նվիրված սեմինարին
.jpg?token=5296fe94612b1fa85e384cf700838684)
Հայաստանի գործատուների հանրապետական միության անդամներ` Շավարշ Կարապետյանը (ՀԳՀՄ Խորհրդի անդամ), Արփինե Բաբախանյանը, Սոֆյա Խարատյանը, Արման Մարտիրոսյանը և Արտյոմ Գրիգորյանը, հունիսի 12-25-ը մասնակցեցին Չինաստանում անցկացված միջազգային սեմինարին՝ «Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկրների միջև անդրսահմանային էլեկտրոնային առևտրի զարգացում և համագործակցության հեռանկարները» թեմայով։
Սեմինարը կազմակերպվել էր ՀՀ-ում Չինաստանի դեսպանության բարձր հովանու ներքո և համակարգվում էր Շանդունի արտաքին առևտրի մասնագիտական քոլեջի կողմից, որը Չինաստանում համարվում է արտաքին տնտեսական և առևտրային կրթության առաջատար բարձրագույն ուսումնական հաստատություն։
Սեմինարը համախմբել էր շուրջ 30 մասնակցի ՇՀԿ բոլոր անդամ երկրներից, որը միջմշակութային բացառիկ միջավայր է ստեղծել նոր կապերի, միջազգային համագործակցության և առաջավոր փորձի փոխանակման համար։
Սեմինարի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ուսումնասիրելու ՇՀԿ երկրների միջև արդեն գործող հաջողված էլեկտրոնային առևտրի մոդելները, որոնք ընդգրկում էին միջտնտեսական համագործակցությունը, նորարարական տեխնոլոգիաների ներդրումը և տեղական ու միջազգային շուկաների ինտեգրումը։ Մասնակիցները ծանոթացան նաև միջազգային էլեկտրոնային առևտրի զարգացման գլոբալ միտումներին, որոնց կիրառումը տարբեր տարածաշրջաններում ազդում է տնտեսական աճի վրա, ինչպես նաև նորագույն տեխնոլոգիաներին և մարքեթինգային ռազմավարություններին, որոնք նպաստում են անդրսահմանային առևտրի զարգացմանը։ Ուսումնասիրվեցին Չինաստանի առաջատար լոգիստիկ և վճարային համակարգերի մեխանիզմները, որոնք ապահովում են էլեկտրոնային առևտրի արդյունավետ աշխատանքը և վճարային համակարգերի անվտանգության բարձր մակարդակը։
Դասընթացները համադրված էին նաև մասնագիտական այցերով մի շարք առաջատար արդյունաբերական և էլեկտրոնային առևտրի կենտրոններ, գործարաններ և արտադրամասեր, որտեղ մասնակիցները ծանոթացան նորարարական տեխնոլոգիաներին, միջտնտեսական համագործակցության մոդելներին և շուկաների ինտեգրացված կառավարման պրակտիկային։ Որպես սեմինարի համակարգող` Շանդունի արտաքին առևտրի մասնագիտական քոլեջը նպատակ ուներ ներկայացնել թե՛ տեխնիկական օպերատորային լուծումները, թե՛ կառավարման և ֆինանսական ենթակառուցվածքները, որոնք ապահովում են էլեկտրոնային առևտրային առցանց համակարգերը։
Սեմինարի ավարտին բոլոր մասնակիցներին շնորհվեցին մասնակցության վկայականներ՝ հաստատելով նրանց ակտիվ ներգրավվածությունն ու ձեռք բերված գիտելիքները տվյալ ոլորտում:
Հայաստանի գործատուների հանրապետական միությունը հետևողականորեն շարունակելու է աջակցել իր անդամների կարողությունների զարգացմանը և տնտեսական արդի ուղղություններով կազմակերպվող կրթական և փորձի փոխանակման ծրագրերում ներգրավվածության ապահովմանը։
ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
-
15-05-2021Պարենային անվտանգության համակարգը կարող է դառնալ տնտեսության տարբեր ճյուղերը ինտեգրելու և փոխկապակցելու անկյունաքար, ինչպես նաև տնտեսության զարգացման այլընտրանքային մոդել: ՀԳՀՄ-ն և Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) իրականացրել են Հայաստանի պարենային անվտանգության համակարգի բազմափուլ գնահատման ծրագիր, որի արդյունքում 2021թ. փետրվարի 5-ին կազմակերպվեց կոնֆերանս` քննարկելու այն հիմնաքարերը, որոնց շրջանակում ՀՀ պարենային անվտանգության համակարգը կարող է նպաստել տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը (մեր գնահատականով առկա են պարենի անվտանգության հետ կապված առնվազն 15 այդպիսի ճյուղային կապեր):
-
05-10-2014ALIGN ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների նպատակն էր աջակցել ՀՀ բուհերին՝ համաձայնեցնել ՀՀ կրթական ծրագրերը ՀՀ ազգային և ոլորտային կրթական պահանջներին: Թրեյնինգները ձևավորվել են TEMPUS ARMENQA և INARM ծրագրերի շրջանակում՝ համաձայն եվրոպական կրթական համակարգի պահանջների:
-
27-02-2020Կայացավ «Աշխատանքի անվտանգության ապահովման և առողջության պահպանման կարևորությունը գործատուների համար» կոնֆերանս-քննարկումը, որը կազմակերպվել էր ՀԳՀՄ կողմից՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ:
-
30-04-20212021թ. ապրիլի 30-ին, ՀԳՀՄ 3 ներակայացուցիչները մասնակցեցին «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» գործողության «Ռեսուրսների խնայողություն եւ մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) բաղադրիչի առաջընթացի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը: Հանդիպման հիմնական նպատակն էր ցուցադրել ՌԱՄԱ պրակտիկայի հնարավոր կիրառումը՝ հիմնված սննդի/գյուղատնտեսության, շինանյութի եւ քիմիական արդյունաբերության վրա, ինչպես նաեւ ստանալ առաջարկություններ շահագիգիռ այլ կազմակերպությունների հետ գործընկերության հնարավորությունների վերաբերյալ: