ՀԳՀՄ նախագահը մասնակցեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի ունեցած հանդիպմանը

27-06-2025
ՀԳՀՄ նախագահը մասնակցեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի ունեցած հանդիպմանը

Հունիսի 24-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացավ հանդիպում գործարար համայնքի շահերը ներկայացնող միությունների ներկայացուցիչների հետ, որին մասնակցում էր նաև Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը։

Հանդիպման ընթացքում մանրամասն անդրադարձ կատարվեց տնտեսական գործունեության և ներդրումային միջավայրում առկա հնարավորություններին և խնդիրներին, մտքեր փոխանակվեցին դրանց հասցեագրման ուղղությամբ հնարավոր անելիքների վերաբերյալ։

ՀՀ փոխվարչապետը նշեց, որ Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանի կողմից վերջերս ներկայացված առաջարկն ընդունվել է, համաձայն որի առաջարկել էր լրացումներ կատարել «Հայաստանի Հանրապետության նախարարությունների հասարակական խորհրդի աշխատակարգը և ձևավորման կարգը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագծում, որտեղ կարգավորումները տարածվում էին միայն ՀՀ նախարարությունների հասարակական խորհուրդների վրա, մինչդեռ հասարակական խորհուրդներ ձևավորում են նաև կառավարության ենթակա մարմինները, ինչպես օրինակ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառավարության ենթակա մարմինները նույնպես ակտիվորեն հանդես են գալիս օրենսդրական փոփոխությունների մշակմամբ, որոնք հանրային լայն քննարկումների անհրաժեշտություն ունեն և, ի վերջո, օրենսդրության կիրառման ընթացքում վերհանված բազմաթիվ վարչարարական խնդիրներ քննարկվում և համապատասխան կարգավորումներ են ստանում հենց այդ հարթակի միջոցով` Վ.Համբարձումյանն առաջարկել էր նախագծով նախատեսվող իրավակարգավորումները տարածել նաև կառավարության ենթակա մարմինների հասարակական խորհուրդների վրա։

Այս փոփոխությունն ընդգծում է գործատուների ակտիվ ներգրավվածությունն ու դերակատարումը պետական կառավարման գործընթացներում, ինչպես նաև ապահովում է հասարակական խորհուրդների ձևավորման և գործունեության ընթացքում մասնավոր հատվածի դիրքորոշման և մոտեցումների հասանելիությունը։

Միության նախագահ Վահագն Համբարձումյանը ներկայացրեց նաև ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգին առնչվող խնդիրներ, մասնավորապես`

  • հաշվետու ժամանակաշրջաններում էլեկտրոնային համակարգի աշխատանքի հաճախակի խափանումները, որոնք խոչընդոտում են ոչ միայն հաշվետվությունների ժամանակին ներկայացմանը, այլև տնտեսվարող սուբյեկտների բնականոն գործունեությանը,
  • հարկ վճարողների անձնական էջերում տեղադրվող ծանուցումների մասին էլեկտրոնային փոստի միջոցով ոչ բոլոր դեպքերում իրազեկվելու հետևանքները, ինչպես, օրինակ, չկատարված հարկային պարտավորությունները գանձելու նպատակով վարչական վարույթ հարուցելու վերաբերյալ որոշման մասին չտեղեկանալը։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկա աշխատանքային քննարկումների արդյունքում հստակեցնել լուծում պահանջող առաջնահերթ խնդիրները՝ դրանք առավել առարկայական քննարկելու և Կառավարության հետագա որոշումներում հասցեագրելու նպատակով։

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ