Նիդերլանդների մասնագիտական կրթության և ուսուցման (VET) համակարգի ուսումնասիրություն Հայաստանի ՄԿՈՒ բարեփոխումների և ճանաչողական այցի շրջանակներում

07-11-2025
Նիդերլանդների մասնագիտական կրթության և ուսուցման (VET) համակարգի ուսումնասիրություն Հայաստանի ՄԿՈՒ բարեփոխումների և ճանաչողական այցի շրջանակներում

Նոյեմբերի 3-ից 7-ը հայկական պատվիրակությունը ճանաչողական այցով այցելեց Նիդերլանդներ՝ ուսումնասիրելու մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) համակարգի լավագույն փորձն ու կառավարման մոդելները։ Այցը կազմակերպված էր Գերմանիայի կառավարության պատվիրակմամբ և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվողՄասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հայաստանում” (ՄՀԶ ՄԿՈՒ) ծրագրի շրջանակներում։

Հայկական պատվիրակության կազմը ընդգրկում էր սոցիալական գործընկերների բոլոր երեք կողմերը՝ ՀՀ կառավարության, գործատուների և աշխատողների ներկայացուցիչներին։ Պատվիրակության կազմում էին Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սարգսյանը, ինչպես նաև GIZ հայաստանյան գրասենյակի ՄՀԶ ՄԿՈՒ ծրագրի ղեկավար Սվենյա Վեյրաուխը, ՄՀԶ ՄԿՈՒ ծրագրի փորձագետներ Նորա Սարգսյանը, Լիլիթ Հակոբյանն ու կրթության տեսչական մարմնի, մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտները ներկայացնող մի շարք ղեկավարներ և փորձագետներ։

Ուսումնական այցը մեկնարկեց հոլանդական ՄԿՈՒ հաստատությունները ներկայացնող ոլորտային ասոցիացիայից (MBO Raad), որը ներկայացնում է ՄԿՈՒ հաստատությունները և պաշտպանում նրանց շահերը քաղաքականության մշակման գործընթացներում։

Այնուհետև պավիրակությունն այցելեց Մասնագիտական կրթության և աշխատաշուկայի համագործակցության ազգային հիմնադրամ (SBB), որը հաստատությունները և աշխատաշուկան կապող ազգային մարմին է։ SBB-ն պատասխանատու է մասնագիտական որակավորման ազգային շրջանակի ձևավորման (NLQF), մասնավոր ընկերությունների հավատարմագրման և զբաղմունքների նկարագրերի և մասնագիտական չափորոշիչների մշակման համար։

Հանդիպումների ընթացքում շեշտվեց գործատուների առանցքային դերը ՄԿՈՒ ոլորտի ուսուցման գործընթացում պրակտիկ փորձի և արդի հմտությունների փոխանցման տեսանկյունից։

Նիդերլանդների Կրթության տեսչությունը (Inspectie van het Onderwijs) ներկայացրեց արտաքին որակի ապահովման համակարգի կառուցվածքը՝ ընդգծելով վերահսկողության և խորհրդատվության հավասարակշռությունը։ Տեսչությունը վերահսկում է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ՄԿՈՒ հաստատությունները՝ ապահովելով ուսանողների իրավունքների պաշտպանությունը և կրթական ծրագրերի համապատասխանությունը սահմանված չափորոշիչներին։

Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպեց նաև Կրթության և ուսուցման նորարարության կենտրոնի (CINOP) փորձագետներին՝ ծանոթանալով ոչ ֆորմալ ուսուցման արդյունքների ճանաչման, ներառականության, թվայնացման և ցկյանս ուսուցման կազմակերպման ոլորտներում նրանց փորձին։ CINOP-ը նաև համակարգում է Նիդերլանդների որակավորման ազգային շրջանակը և իրականացնում հետազոտություններ և խորհրդատվություն պետական և մասնավոր հատվածների համար։

Այցի վերջին օրերին պատվիրակությունն այցելեց Summa College և Շոկոլադի գործարան (Chocolate Factory)։ Շոկոլադի գործարանը հանրային-մասնավոր գործընկերության և տարածաշրջանային ուսուﬓական կամպուս է, որը ﬕավորում է Մեյերիշտադ քաղաքապետարանը, մասնագիտական կրթության մատակարարներին և տեղական բիզնեսներին: Այն ծառայում է որպես գործնական ուսուցման, նորարարության և կրթության, արդյունաբերության և կառավարության ﬕջև համագործակցության կենտրոն` ծառայելով որպես հիբրիդային ուսուցման միջավայր, որտեղ ուսանողները սովորում են իրական արտադրական աշխատանքային ﬕջավայրում, ընկերությունները մասնակցում են ուսուﬓական ծրագրերի մշակման և վերապատրաստման գործընթացին, իսկ քաղաքապետարանը նպաստում է համագործակցության սերտացմանը` որպես տնտեսական զարգացման ռազմավարության կարևոր մաս: Այս մոդելը համարվում է Նիդերլանդների կրթական համակարգի հաջողության առանցքային գործոնը, քանի որ այն կիրառում է «պետություն – բիզնես – կրթություն» (Triple Helix Approach) եռակի պարույրի մոտեցումը՝ հմտությունների և աշխատաշուկայի իրական պահանջարկին համապատասխանեցնելու նպատակով։

Այցի ընթացքում անցկացված քննարկումներն ու դիտարկումներն ամփոփվեցին նոյեմբերի 7-ին պատվիրակության համատեղ ամփոփիչ նիստի ժամանակ։

Հանդիպումների ընթացքում քննարկվեցին․

  • ՄԿՈՒ հաստատությունների կառավարման մոդելները,
  • ՄԿՈՒ հաստատությունների ինքնավարությունը և ֆինանսավորման բազմամոդել մոտեցումները,
  • դպրոցահեն ուսուցման (SBL) և աշխատանքի վրա հիմնված ուսուցման (WBL) ուղիները,
  • պետության, մասնավոր հատվածի և սոցիալական գործընկերների դերերի հավասարակշռման մեխանիզմները,
  • զբաղմունքի նկարագրերի և մասնագիտական չափորոշիչների համապատասխանությունը,
  • որակի ապահովման ազգային շրջանակի (NLQF) և հավատարմագրման համակարգերը։

Մասնակիցները կարևորեցին հետևյալ ուղղությունները՝ որպես Հայաստանի ՄԿՈՒ բարեփոխումների առաջիկա առաջնահերթություններ․

  • մասնավոր հատվածի ներգրավման ընդլայնումը ուսումնական գործընթացում,
  • որակի ապահովման համակարգի զարգացումը՝ հոլանդական փորձի հիման վրա,
  • աշխատանքի վրա հիմնված ուսուցման (WBL) մոդելի կիրառումը,
  • ոչ ֆորմալ ուսուցման արդյունքների ճանաչման մեխանիզմների ներդրումը։

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը կարևորեց այցի գործնական արժեքը Հայաստանի գործատուների և կրթական հաստատությունների համագործակցության զարգացման տեսանկյունից` հաշվի առնելով, որ Նիդերլանդների ՄԿՈՒ համակարգը հիմնված է ճկունության, գործատուների ակտիվ ներգրավման և որակի խիստ վերահսկման սկզբունքների վրա։ Նա ընդգծեց, որ Նիդերլանդների փորձը հստակ ցույց է տալիս, որ մասնագիտական կրթության արդյունավետությունը պայմանավորված է ուսումնական գործընթացում գործատուների անմիջական մասնակցությամբ, և այս մոդելը կարող է ծառայել որպես ուղենիշ Հայաստանի ՄԿՈՒ բարեփոխումների հաջող իրականացման համար։ 

Ուսումնաճանաչողական այցը միտված էր Հայաստանի ՄԿՈՒ բարեփոխումների ընթացքի ամրապնդմանը՝ աջակցելով մասնագիտական կրթության որակի, ներառականության և աշխատաշուկայի պահանջներին համահունչ կրթական ծրագրերի զարգացմանը։

Վստահաբար, այս փուլում ուսումնաճանաչողական այցը նշանակալի էր և կարևոր խթան Հայաստանի մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի արդիականացման գործընթացում` նպաստելով ՄԿՈՒ ընթացիկ բարեփոխումներում եվրոպական լավագույն փորձի ինտեգրմանը։

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ