Տեղի ունեցավ հանդիպում ՀԳՀՄ-ին անդամակցող կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ

31-07-2024
Տեղի ունեցավ հանդիպում ՀԳՀՄ-ին անդամակցող կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ

Ս.թ. հուլիսի 31-ին Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության (ՀԳՀՄ) նորընտիր նախագահ Վահագն Համբարձումյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում ՀԳՀՄ-ին անդամակցող կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ, ովքեր երկարատև գործունեություն են ծավալել Միության կազմում:



Հանդիպումը նպատակաուղղված էր ՀԳՀՄ նախագահի և նորանշանակ գործադիր անձնակազմի հետ ծանոթացմանը և Միության անդամների խնդիրների բացահայտմանը:



Հանդիպմանը ներկա էր նաև ՀԳՀՄ նախկին նախագահ Գագիկ Մակարյանը, ով ՀԳՀՄ նոր ղեկավար անձնակազմին ներկայացրեց Միության գործող անդամներին՝ մաղթելով համատեղ արդյունավետ համագործակցություն և բարի ընթացք բոլոր ձեռնարկումներում:



Վահագն Համբարձումյանը մասնակիցներին ներկայացրեց Միության որդեգրած նոր քաղաքականությունն ու տեսլականը, ինչպես նաև Միության անդամների շահերի պաշտպանությանը միտված գործունեության ուղղություններն ու առաջիկա անելիքները:



Հանդիպման ընթացքում մասնակիցների միջև ծավալվեց ակտիվ քննարկում, որի ընթացքում հստակեցվեց Միության և անդամների միջև համատեղ աշխատանքի գործիքակազմը, վեր հանվեցին տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող անդամների օրակարգային հարցերը` պետական տարբեր մակարդակներում հավաքական խնդիրների ներկայացման նպատակով:
 



Վահագն Համբարձումյանը հանդես եկավ համատեղ արդյունավետ գործունեությանն ուղղված մի շարք առաջարկներով և ընդգծեց, որ անդամների հետ նմանատիպ կլոր սեղան-քննարկումների կազմակերպումը շարունակական բնույթ է կրելու` նպաստելով ՀՀ կառավարության, Միության և նրա անդամների միջև սոցիալական գործընկերության զարգացմանն ու սերտ համագործակցության ամրապնդմանը:

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ