Տեղի ունեցավ Հանրապետական կոլեկտիվ պայմանագրի շրջանակներում ձևավորված Հանրապետական եռակողմ հանձնաժողովի անդրանիկ նիստը

21-07-2026
Տեղի ունեցավ Հանրապետական կոլեկտիվ պայմանագրի շրջանակներում ձևավորված Հանրապետական եռակողմ հանձնաժողովի անդրանիկ նիստը

Հուլիսի 21-ին ԱՍՀ նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանի նախագահությամբ տեղի ունեցավ Հանրապետական կոլեկտիվ պայմանագրի շրջանակներում ձևավորված Հանրապետական եռակողմ հանձնաժողովի անդրանիկ նիստը։ Նիստին մասնակցում էին ՀՀ կառավարության, Հայաստանի գործատուների հանրապետական միության և Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ներկայացուցիչները։

Հայաստանի գործատուների հանրապետական միությունից նիստին մասնակցում էին Միության նախագահ Վահագն Համբարձումյանը, նախագահի տեղակալ Նարե Սարգսյանը, գործադիր տնօրեն Լիլիթ Ադամյանը, հանձնաժողովի մշտական անդամ, Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը, ինչպես նաև հանձնաժողովում Միությունը ներկայացնող փոխարինող անդամները։

Նախարարի տեղակալը կարևորեց սոցիալական գործընկերների միջև եռակողմ ինտենսիվ համագործակցությունը՝ նկատի ունենալով, որ առաջիկայում մեծածավալ աշխատանքներ պետք է իրականացվեն աշխատանքային հարաբերությունների կարգավորումների փոփոխությունների ուղղությամբ։

Նիստի ընթացքում քննարկվեց և հաստատվեց հանձնաժողովի աշխատակարգը՝ հաշվի առնելով նաև մասնակիցների առաջարկություններն ու դիտարկումները։ Աշխատակարգով սահմանվում են հանձնաժողովի նպատակները, խնդիրները, լիազորությունները, աշխատանքի կազմակերպման և ղեկավարման ընթացակարգը։

Քննարկվեց նաև Հանրապետական կոլեկտիվ պայմանագրի կիրարկումն ապահովող գործողությունների ծրագրի մշակման ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքների կազմակերպման հարցը, պայմանավորվածություն ձեռք բերվեց մեկամսյա ժամկետում համատեղ մշակել գործողությունների ծրագրի առաջին նախագիծը՝ այն հանձնաժողովի հաջորդ նիստի քննարկմանը ներկայացնելու նպատակով:

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ