Տեղի ունեցավ ՀԳՀՄ Խորհրդի արտահերթ նիստ

27-06-2025
Տեղի ունեցավ ՀԳՀՄ Խորհրդի արտահերթ նիստ

Հունիսի 27-ին Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) նախագահ Վահագն Համբարձումյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ՀԳՀՄ Խորհրդի արտահերթ նիստ։

Նիստին առցանց ձևաչափով մասնակցում էին ՀԳՀՄ Խորհրդի 20 անդամներից 14-ը։

Նիստի օրակարգային հարցերն էին`

  1. ՀԳՀՄ նոր անդամների անդամակցության հաստատում։
  2. ԵՄ–ՀՀ «Համապարփակ և Ընդլայնված Գործընկերության Համաձայնագրի» 366-րդ հոդվածով նախատեսված Քաղաքացիական Հասարակության Պլատֆորմի (ՔՀՊ) գործատու կազմակերպությունների հայաստանյան կազմի ձևավորման մրցույթի անցկացման կարգի հաստատում։

ՀԳՀՄ նախագահ Վահագն Համբարձումյանը տեղեկացրեց, որ Միությունն արդեն մեկնարկել է Գործատուների միջազգային կազմակերպությանը (ԳՄԿ) անդամակցելու գործնական քայլերը,  որը կարևոր ռազմավարական ուղղություն է Միության միջազգային դիրքը ամրապնդելու և անդամների շահերը միջազգային հարթակներում ներկայացնելու տեսանկյունից։
Օրակարգի առաջին հարցի վերաբերյալ ՀԳՀՄ նախագահը նշեց, որ Միությունը հետևողականորեն շարունակում է ընդլայնել իր անդամների բազան` ընդգրկելով հեղինակություն վայելող կազմակերպություններ, որոնք իրենց փորձով ու ոլորտային հաջողություններով կարող են էական ներդրում ունենալ Միության գործունեության զարգացման, ռազմավարական նախաձեռնությունների խթանման և գործատուների շահերի արդյունավետ ներկայացման գործում։

ՀԳՀՄ անդամության համար դիմած նոր կազմակերպություններն են`

  1. Արփինե Բաբախանյան ԱՁ
  2. «Կատրան» ՍՊԸ
  3. Դավիթ Հովհաննիսյան ԱՁ
  4. «Ամի շուզ» ՍՊԸ
  5. «Մագելլան արմենիա» ՍՊԸ
  6. «Բրիֆ» ՍՊԸ
  7. «Սանդոյան մենեջմենթ քնսալթինգ» ՍՊԸ
  8. «Գենետիկական փորձագիտական կենտրոն» ՍՊԸ
  9. «Սոցիալական ձեռներեցների դպրոց» ՍՊԸ
  10. Անի Կարապետյան ԱՁ
  11. «Տարսոն 67» ՍՊԸ
  12. Անդրանիկ Բալոյան ԱՁ

Խորհրդի անդամների կողմից միաձայն քվեարկությամբ հաստատվեց նոր կազմակերպությունների անդամակցությունը, ինչը ևս մեկ քայլ է ՀԳՀՄ-ի ներկայացուցչական և ազդեցիկ կառույց ձևավորելու ճանապարհին։

Նիստի օրակարգի երկրորդ հարցի շրջանակում Հայաստանի գործատուների հանրապետական միության գործադիր տնօրեն Լիլիթ Ադամյանը ներկայացրեց ԵՄ–ՀՀ «Համապարփակ և Ընդլայնված Գործընկերության Համաձայնագրի» 366-րդ հոդվածով նախատեսված Քաղաքացիական Հասարակության Պլատֆորմի գործատու կազմակերպությունների հայաստանյան կազմի ձևավորման մրցույթի անցկացման կարգի նախագիծը։

Նախագծի շուրջ ծավալվեց կառուցողական քննարկում, որի արդյունքում կատարվեցին մի շարք լրացումներ, և Խորհուրդը միաձայն հաստատեց մրցույթի կարգը։ Առաջիկայում  կհայտարարվի մրցույթ՝ ՀՀ եվրամիության համաձայնագրի 366-րդ հոդվածով ստեղծված ՔՀՊ-ում գործատու կազմակերպությունների նոր թեկնածուների ներկայացման նպատակով։

Խորհրդի նիստն ավարտեց իր աշխատանքները օրակարգային հարցերի միաձայն հաստատմամբ։

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ