Ամփոփվեց եռակողմ գործընկերությամբ իրականացվող ֆորմալ տնտեսության ընդլայնմանն ուղղված ծրագիրը
Սեպտեմբերի 17-ին տեղի ունեցավ Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) կողմից իրականացվող «ԱՄԿ լիազոր գործընկերների կարողությունների զարգացում՝ աշխատանքի ոչ ֆորմալ դրսևորումների կանխման և ֆորմալացմանն անցմանը խթանման ուղղությամբ, փախստականների հետ կապված ճգնաժամի համատեքստում» ծրագրի ամփոփիչ միջոցառումը։
2024 թվականից մեկնարկած ծրագիրը միտված էր Հայաստանում աշխատաշուկայի ոչ ֆորմալ դրսևորումների կանխարգելմանը, ֆորմալ զբաղվածության խթանմանը և փախստականների կայուն տնտեսական ինտեգրմանը՝ եռակողմ սոցիալական գործընկերների սերտ համագործակցությամբ։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարի տեղակալ Ռոզա Բաբայանը, Հայաստանի գործատուների հանրապետական միության գործադիր տնօրեն Լիլիթ Ադամյանը, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը և ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը։
Միջոցառումը համախմբեց պետական կառույցների, սոցիալական գործընկերների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ ամփոփելու իրականացված աշխատանքը:

Ծրագրի շրջանակում Միությունն իրականացրել է վերապատրաստման դասընթացներ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար՝ ուղղված ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանը, որի նպատակն էր աջակցել սեփական բիզնես սկսելու քայլերում, նպաստել տնտեսական լիարժեք ինտեգրմանը և ստեղծել ինքնազբաղվածության հնարավորություններ։ Առանձին ուղղությամբ իրականացվել է նաև կարողությունների հզորացման ծրագիր Միության անդամների համար՝ միտված բիզնեսի կառավարման հմտությունների կատարելագործմանը, ֆինանսական գրագիտության բարձրացմանը և արհեստական բանականության գործիքների արդյունավետ կիրառմանը։
Լիլիթ Ադամյանը ներկայացրեց ծրագրի ձեռքբերումներն ու անդրադարձավ ծրագրի ավարտական փուլում մշակված գործնական առաջարկներին, որոնք ուղղված են աշխատանքի ֆորմալացմանը խոչընդոտող մի շարք ինստիտուցիոնալ խնդիրների լուծմանը։ Միության տնօրենը շնորհակալություն հայտնեց գործընկերներին համատեղ աշխատանքի և կառուցողական համագործակցության համար՝ արժևորելով, որ առաջարկների փաթեթը ձևավորվել է եռակողմ ինտենսիվ քննարկումների արդյունքում՝ հաշվի առնելով բոլոր կողմերի փորձը, տեսակետներն ու գործնական դիտարկումները։
Միջոցառման երկրորդ հատվածում Միության անդամ կազմակերպության ներկայացուցիչ Սերգեյ Ներսեսյանը մասնակցեց ֆորմալ տնտեսության ընդլայնման շուրջ պանելային քննարկմանը և ներկայացրեց Միության դիրքորոշումը ֆորմալացման խթանման ուղղությամբ։ Նա ընդգծեց, որ ֆորմալ տնտեսության կայացումը ենթադրում է կանխատեսելի և արդար մրցակցային միջավայր, աշխատողների իրավունքների և սոցիալական պաշտպանության ավելի ամուր երաշխիքներ, ինչպես նաև այնպիսի բիզնես միջավայր, որտեղ օրինական և ֆորմալ գործունեությունը դառնում է մրցակցային առավելություն։
ԱՄԿ ծրագրի ամփոփումը միաժամանակ նոր փուլի մեկնարկ է․ հաջորդ քայլը մշակված առաջարկությունները գործնական կիրառության վերածելն է՝ ապահովելով Հայաստանում ֆորմալ զբաղվածության ընդլայնման կայուն և երկարաժամկետ ընթացքը։




ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
-
15-05-2021Պարենային անվտանգության համակարգը կարող է դառնալ տնտեսության տարբեր ճյուղերը ինտեգրելու և փոխկապակցելու անկյունաքար, ինչպես նաև տնտեսության զարգացման այլընտրանքային մոդել: ՀԳՀՄ-ն և Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) իրականացրել են Հայաստանի պարենային անվտանգության համակարգի բազմափուլ գնահատման ծրագիր, որի արդյունքում 2021թ. փետրվարի 5-ին կազմակերպվեց կոնֆերանս` քննարկելու այն հիմնաքարերը, որոնց շրջանակում ՀՀ պարենային անվտանգության համակարգը կարող է նպաստել տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը (մեր գնահատականով առկա են պարենի անվտանգության հետ կապված առնվազն 15 այդպիսի ճյուղային կապեր):
-
05-10-2014ALIGN ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների նպատակն էր աջակցել ՀՀ բուհերին՝ համաձայնեցնել ՀՀ կրթական ծրագրերը ՀՀ ազգային և ոլորտային կրթական պահանջներին: Թրեյնինգները ձևավորվել են TEMPUS ARMENQA և INARM ծրագրերի շրջանակում՝ համաձայն եվրոպական կրթական համակարգի պահանջների:
-
27-02-2020Կայացավ «Աշխատանքի անվտանգության ապահովման և առողջության պահպանման կարևորությունը գործատուների համար» կոնֆերանս-քննարկումը, որը կազմակերպվել էր ՀԳՀՄ կողմից՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ:
-
30-04-20212021թ. ապրիլի 30-ին, ՀԳՀՄ 3 ներակայացուցիչները մասնակցեցին «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» գործողության «Ռեսուրսների խնայողություն եւ մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) բաղադրիչի առաջընթացի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը: Հանդիպման հիմնական նպատակն էր ցուցադրել ՌԱՄԱ պրակտիկայի հնարավոր կիրառումը՝ հիմնված սննդի/գյուղատնտեսության, շինանյութի եւ քիմիական արդյունաբերության վրա, ինչպես նաեւ ստանալ առաջարկություններ շահագիգիռ այլ կազմակերպությունների հետ գործընկերության հնարավորությունների վերաբերյալ: