Եռակողմ գործընկերությամբ քննարկվեց Հայաստանում ֆորմալ զբաղվածության խթանման օրակարգը

04-12-2025
Եռակողմ գործընկերությամբ քննարկվեց Հայաստանում ֆորմալ զբաղվածության խթանման օրակարգը

Սոցիալական գործընկերության շրջանակում, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Հայաստանի գործատուների հանրապետական միության ու Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի եռակողմ համագործակցությամբ, և Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) նախաձեռնությամբ դեկտեմբերի 4-ին տեղի ունեցավ «Հայաստանում ֆորմալ զբաղվածության խթանումը» թեմայով աշխատաժողովը։ 

Միջոցառումը մեկնարկեց եռակողմ սոցիալական գործընկերների՝ ի դեմս ԱՍՀ նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանի, ՀԳՀՄ գործադիր տնօրեն Լիլիթ Ադամյանի և Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ Տիրուհի Նազարեթյանի ողջույնի խոսքերով։

Իր ելույթում Լիլիթ Ադամյանն անդրադարձավ ֆորմալ զբաղվածության խթանման ներկայիս մարտահրավերներին՝ ընդգծելով, որ ֆորմալ տնտեսության ընդլայնումը երկարաժամկետ հեռանկարում ուղիղ ներդրում է երկրի տնտեսական կայունության, առողջ տնտեսական էկոհամակարգի ձևավորման, բարձր արտադրողականության ապահովման և նոր արժեք ստեղծող բիզնես միջավայրի զարգացման գործում։ «Սա այն ճանապարհն է, որից շահում են բոլորը՝ և՛ գործատուները, և՛ աշխատողները, և՛ պետությունը», նշեց Լ.Ադամյանը։

Աշխատաժողովին «Սիվիտա Էյէմ» խորհրդատվական ընկերության կողմից ներկայացվեց Հայաստանի ոչ ֆորմալ տնտեսության ախտորոշիչ վերլուծություն ոչ ֆորմալ զբաղվածության ցուցանիշների, աշխատաշուկայի վերլուծության, արտադրողական աճի հնարավորությունների և ֆորմալ տնտեսության անցման մեխանիզմների վերաբերյալ։ 

ԱՄԿ Գլոբալ Ծրագրի տնօրեն Ֆրեդերիկ Լապեյրի և ԱՄԿ զբաղվածության ավագ մասնագետ Կազուտոշի Չատանիի համակարգմամբ` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, սոցիալական գործընկերների և շահագրգիռ այլ գերատեսչությունների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ համատեղ քննարկվեցին ֆորմալ և ոչ ֆորմալ զբաղվածության ցուցանիշներին, աշխատաշուկայի պահանջներին և միտումներին, սոցիալական տարբեր խմբերի զբաղվածության խթանման, աշխատուժի պրոֆիլավորմանն ուղղված մի շարք կարևոր հարցեր։

Ֆորմալ տնտեսության ռազմավարական առաջնահերթություններին և տնտեսական խոչընդոտների վերհանմանը նվիրված պանելային քննարկմանը մասնակցեց ՀԳՀՄ խորհրդի անդամ Միհրան Թադևոսյանը, ով անդրադարձավ ոչ ֆորմալ զբաղվածության արդի պատճառներին, ֆորմալացմանը խոչընդոտող հիմնական տնտեսական գործոններին, ինստիտուցիոնալ և իրավական համակարգերում առկա խնդիրներին, ինչպես նաև մարդկային ներուժի զարգացման և աշխատաշուկայում մրցունակ անձանց ներգրավման հարցերին։ 

Կարևորելով զբաղվածության պետական քաղաքականության արդյունավետության բարձրացումն ու մրցունակ աշխատուժի ձևավորումը՝ նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը նշեց, որ ֆորմալ և ոչ ֆորմալ զբաղվածության խնդիրը մարդու արժանապատվության, աշխատանքային իրավունքների, սոցիալական պաշտպանության, արդար մրցակցության և երկրի երկարաժամկետ զարգացման հիմնարար հարցերից մեկն է։ Վերջինիս համոզմամբ՝ խնդիրների լուծումը հնարավոր է եռակողմ գործընկերության, տվյալների վրա հիմնված քաղաքականության և բոլոր կողմերի ջանքերի համախմբման արդյունքում։ 

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ