Հայաստանի թիմը CEMETS Global Reform Lab 2026-ում ներկայացրեց ՄԿՈՒ բարեփոխման իր մոտեցումը

28-09-2026
Հայաստանի թիմը CEMETS Global Reform Lab 2026-ում ներկայացրեց ՄԿՈՒ բարեփոխման իր մոտեցումը

Հայաստանի գործատուների հանրապետական միության գործադիր տնօրեն Լիլիթ Ադամյանը սեպտեմբերի 20–25-ը Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում մասնակցեց CEMETS Global Reform Lab 2026 մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) համակարգի բարեփոխմանն ուղղված միջազգային վերապատրաստման դասընթացին։ Ծրագիրը մեկ հարթակում համախմբել էր Հայաստանը, Բուլղարիան, Սլովակիան, Շոտլանդիան, Նեպալը և ԱՄՆ Յուտա նահանգը ներկայացնող քաղաքականություն մշակողներին, ոլորտի մասնագետներին, գործատուների կազմակերպությունների և ասոցիացիաների ներկայացուցիչներին, կրթության ոլորտը համակարգող ղեկավարներին։

Հայաստանյան թիմում ընդգրկված էին Միության, մասնագիտական ասոցիացիաների, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, GIZ-ի և Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան 8 ներկայացուցիչ։

Reform Lab-ի 7-ամսյա ինտենսիվ ծրագրի առաջին՝ առցանց փուլում յուրաքանչյուր թիմ աշխատեց իր երկրի իրական բարեփոխման խնդրի վրա։ Հայաստանի թիմը շուրջ երեք ամիս ուսումնասիրեց Հայաստանի մասնագիտական կրթության և ուսուցման համակարգում առկա խնդիրները և աշխատեց դրանց լուծման մեխանիզմների մշակման ուղղությամբ։ Թիմային աշխատանքի առանցքում գործատուների մասնակցությունը առանձին նախաձեռնություններից դեպի համակարգային, կայուն և շարունակական համագործակցության վերածելու մեխանիզմների ձևավորումն էր։

Ծրագրի հաջորդ կարևոր փուլը տեղի ունեցավ Ցյուրիխում սեպտեմբերի 20–25-ը, որտեղ Հայաստանի բարեփոխման նախագիծը քննարկվեց տարբեր երկրների մասնակիցների և միջազգային փորձագետների հետ, ինչը հնարավորություն տվեց այն դիտարկել միջազգային համատեքստում, համադրել այլ երկրների իրական փորձի հետ և առավել հստակեցնել դրա գործնական բաղադրիչը։

Ինտենսիվ դասընթացների ընթացքում ուշադրություն դարձվեց ՄԿՈՒ համակարգի բարեփոխումների իրականացման մեխանիզմներին՝ ինչպես համակարգի խնդրի վերլուծությունը վերածել կոնկրետ փոփոխության, ինչպես ներգրավել հիմնական դերակատարներին, ինչպես ապահովել բարեփոխման կայունությունը և ինչպես չափելի դարձնել դրա արդյունքները։

Ծրագրի շրջանակում ձեռք բերված գիտելիքն ու միջազգային փորձը հայաստանյան թիմը նախատեսում է կիրառել Հայաստանի ՄԿՈՒ համակարգում գործատուների ներգրավվածության ընդլայնման ուղղությամբ հետագա աշխատանքի համար, մասնավորապես` գործատուների և ՄԿՈՒ հաստատությունների միջև համագործակցության ինստիտուցիոնալացման, աշխատաշուկայի կարիքների առավել ներդաշնակեցման, աշխատանքի վրա հենված ուսուցման զարգացման և կրթական ծրագրերի արդիականացման ուղղություններով։

CEMETS Global Reform Lab 2026 ծրագիրն իրականացվեց Հայաստանում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ, որի միջոցով հայաստանյան թիմը հնարավորություն ստացավ միջազգային փորձագիտական հարթակում աշխատելու Հայաստանի ՄԿՈՒ (VET) համակարգի համար կարևոր բարեփոխման խնդրի շուրջ։

Նախատեսվում է, որ ծրագրի ավարտական փուլում` մինչև 2026 թվականի վերջ, Հայաստանի թիմը միջազգային փորձի և փաստահեն ապացույցների վրա հիմնված մոտեցումների միջոցով կվերանայի ՄԿՈՒ համակարգի բարեփոխման մշակված պլանը, կհստակեցնի դրա լուծման հնարավոր մեխանիզմները և կնախանշի հետագա գործնական քայլերը։

Հայաստանի գործատուների հանրապետական միության համար ծրագրին մասնակցությունը նոր գործնական հնարավորություններ կստեղծի մասնագիտական կրթության և աշխատաշուկայի կապի ամրապնդման, գործատուների մասնակցության համակարգային զարգացման և կրթության ոլորտում մասնավոր հատվածի դերակատարության ընդլայնման ուղղությամբ։

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ