Ստորագրվեց Հանրապետական կոլեկտիվ չորրորդ պայմանագիրը. սոցիալական գործընկերությունն անցնում է նոր փուլ
Հունվարի 23-ին ստորագրվեց Հանրապետական կոլեկտիվ (եռակողմ) պայմանագիրը ՀՀ կառավարության՝ (ի դեմս ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության), Հայաստանի գործատուների հանրապետական միության և Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի միջև:


Պայմանագիրը որակապես նոր մակարդակի վրա է դնում սոցիալական գործընկերությունը պետության, գործատուների և արհմիությունների միջև։ Փաստաթղթով սահմանվում են Հայաստանի Հանրապետության սոցիալ-աշխատանքային և դրա հետ կապված սոցիալ-տնտեսական հարաբերությունների շրջանակում կողմերի միջև համագործակցության ուղղությունները։
Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը և Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը։ Միջոցառմանն առցանց մասնակցում էին Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) բարձրաստիճան ներկայացուցիչներ Էմանուել Ժուլյենը, Հենրիկ Մոլլերը և Սերգեյուս Գլովացկասը, ովքեր վերահաստատեցին ԱՄԿ-ի լիակատար աջակցությունը սոցիալական գործընկերության զարգացման գործընթացին։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ պայմանագրի շրջանակում նախատեսվող աշխատանքները կունենան իրական և շոշափելի արդյունքներ, որոնք կնպաստեն աշխատողների և գործատուների շահերի պաշտպանությանն ու մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը:
Իր ելույթում ՀԳՀՄ նախագահ Վահագն Համբարձումյանն արձանագրեց, որ պայմանագրի կողմ է հանդիսանում ՀՀ կառավարությունը՝ իր ողջ կազմով և լիազորություններով, ինչը լուրջ երաշխիք է գործատուների համար, որ բարձրացրած հարցերը կստանան համակարգային լուծումներ կառավարության բոլոր մակարդակներում։

«Պայմանագրով ամրագրվում է ինստիտուցիոնալ երկխոսության արդյունավետ մոդել և ստեղծվում է Հանրապետական եռակողմ հանձնաժողով, որտեղ Հայաստանի գործատուների հանրապետական միությունը ստանում է իրական և ազդեցիկ մասնակցություն։ Այսուհետ աշխատանքային իրավունքին և դրա հետ կապված բիզնեսի շահերին առնչվող ցանկացած օրենսդրական նախագիծ կանցնի այս հանձնաժողովի փորձաքննությունը, ինչը թույլ կտա գործատուի ձայնը հնչեցնել որոշումների կայացման ամենաբարձր մակարդակում», - նշեց Վահագն Համբարձումյանը։
Նրա խոսքով՝ պայմանագիրը նաև ուղղված է ապագային․ այն խթանում է գիտելիքահեն և նորարարական տնտեսության զարգացումը, թվային տեխնոլոգիաների ներդրումը աշխատավայրերում, ինչպես նաև գործատուների ակտիվ մասնակցությունը կրթական համակարգում՝ մասնագիտական ուսումնական հաստատությունների կառավարման և աշխատանքի վրա հիմնված ուսումնառության միջոցով։
ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերյանն էլ իր հերթին ընդգծեց, որ սոցիալական գործընկերությունը պետության, գործատուների և արհմիությունների միջև ոչ միայն համագործակցության ձևաչափ է, այլև կայուն զարգացման, սոցիալական արդարության և արժանապատիվ աշխատանքի երաշխիք։

Վահագն Համբարձումյանը շնորհակալություն հայտնեց բոլոր կողմերին այս կարևոր ռազմավարական համաձայնությանը հասնելու համար, ինչը վկայում է փոխադարձ վստահության և կառուցողական երկխոսության մասին։
Հայաստանի գործատուների հանրապետական միությունը շարունակելու է լինել բիզնեսի շահերի պաշտպանության և տնտեսության կայուն զարգացման առաջամարտիկը։
https://www.youtube.com/watch?v=DaBWYAMJ9EU
https://www.youtube.com/watch?v=T7H-Xtho5iA








ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
-
15-05-2021Պարենային անվտանգության համակարգը կարող է դառնալ տնտեսության տարբեր ճյուղերը ինտեգրելու և փոխկապակցելու անկյունաքար, ինչպես նաև տնտեսության զարգացման այլընտրանքային մոդել: ՀԳՀՄ-ն և Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) իրականացրել են Հայաստանի պարենային անվտանգության համակարգի բազմափուլ գնահատման ծրագիր, որի արդյունքում 2021թ. փետրվարի 5-ին կազմակերպվեց կոնֆերանս` քննարկելու այն հիմնաքարերը, որոնց շրջանակում ՀՀ պարենային անվտանգության համակարգը կարող է նպաստել տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը (մեր գնահատականով առկա են պարենի անվտանգության հետ կապված առնվազն 15 այդպիսի ճյուղային կապեր):
-
05-10-2014ALIGN ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների նպատակն էր աջակցել ՀՀ բուհերին՝ համաձայնեցնել ՀՀ կրթական ծրագրերը ՀՀ ազգային և ոլորտային կրթական պահանջներին: Թրեյնինգները ձևավորվել են TEMPUS ARMENQA և INARM ծրագրերի շրջանակում՝ համաձայն եվրոպական կրթական համակարգի պահանջների:
-
27-02-2020Կայացավ «Աշխատանքի անվտանգության ապահովման և առողջության պահպանման կարևորությունը գործատուների համար» կոնֆերանս-քննարկումը, որը կազմակերպվել էր ՀԳՀՄ կողմից՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ:
-
30-04-20212021թ. ապրիլի 30-ին, ՀԳՀՄ 3 ներակայացուցիչները մասնակցեցին «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» գործողության «Ռեսուրսների խնայողություն եւ մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) բաղադրիչի առաջընթացի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը: Հանդիպման հիմնական նպատակն էր ցուցադրել ՌԱՄԱ պրակտիկայի հնարավոր կիրառումը՝ հիմնված սննդի/գյուղատնտեսության, շինանյութի եւ քիմիական արդյունաբերության վրա, ինչպես նաեւ ստանալ առաջարկություններ շահագիգիռ այլ կազմակերպությունների հետ գործընկերության հնարավորությունների վերաբերյալ: