Մեկնարկեց Շրջակա միջավայրի նախարարին կից Հասարակական խորհրդի աշխատանքը

02-03-2026
Մեկնարկեց Շրջակա միջավայրի նախարարին կից Հասարակական խորհրդի աշխատանքը

Փետրվարի 27-ին տեղի ունեցավ Շրջակա միջավայրի նախարարին կից ձևավորված հասարակական խորհրդի առաջին նիստը։

Այս հարթակի նպատակը բաց, մասնագիտական ու վստահելի համագործակցությունն է՝ պետության, քաղաքացիական հասարակության, մասնավոր հատվածի, գիտական ու կրթական համայնքի և ակտիվ քաղաքացիների միջև։

Շուրջ երեք տասնյակ անդամներից բաղկացած խորհուրդը միավորում է շրջակա միջավայրի պահպանության հարցերով զբաղվող անհատների, բնապահպանական ու հասարակական կազմակերպությունների և նախաձեռնող խմբերի ներկայացուցիչների։

Նիստին Հայաստանի գործատուների հանրապետական միության կողմից մասնակցում էր Տարոն Նավասարդյանը։

Նախարար Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն հայտնեց գործընկերներին խորհրդի կազմում ընդգրկվելու համար՝ ընդգծելով, որ ոլորտի խնդիրները բոլորի համար առաջնահերթ են, և միայն համագործակցության միջոցով հնարավոր է գտնել ավելի արդյունավետ լուծումներ։ Խորհրդին ներկայացվեց Կառավարության գործունեության հնգամյա միջոցառումների ծրագրով՝ տարվա ընթացքում նախարարության կողմից իրականացվելիք միջոցառումների համառոտ տեղեկատվությունը, ապա անդրադարձ եղավ 2026 թվականին Հայաստանում կայանալիք COP17 համաժողովի նախապատրաստական գործընթացին, որն այս փուլում նախարարության օրակարգում առանցքային տեղ է զբաղեցնում։

Ոլորտի հիմնախնդիրների շուրջ ծավալվեց ակտիվ հարցուպատասխան, որի ընթացքում նախարարը պատասխանեց բարձրացված և ներկաներին հուզող հարցերին՝ ընդգծելով, որ նման հանդիպումները հետագայում պետք է ունենան հստակ արդյունքներ և արձանագրեն տեսանելի առաջընթաց։

Հիշեցնենք, որ 2025 թվականի դեկտեմբերից Միությունն ընդգրկվել է ՀՀ շրջական միջավայրի նախարարին կից հասարակական խորհրդում`  քաղաքականությունների մշակման և իրականացման տարբեր փուլերում Միության անդամների խնդիրները, մտահոգություններն ու առաջարկները, այդ թվում՝ գործող օրենսդրությամբ չկարգավորված հարցերի կամ մշակվող քաղաքականությունների ազդեցության շրջանակում առաջացող հարցերը ներկայացնելու նպատակով։

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ