Միության նախագահի այցը Ժնև՝ ԱՄԿ 113-րդ նստաշրջանի շրջանակներում

13-06-2025
Միության նախագահի այցը Ժնև՝ ԱՄԿ 113-րդ նստաշրջանի շրջանակներում

Հունիսի 10-12-ը Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը ՀՀ պատվիրակության կազմով մասնակցեց Ժնևում կայացած Աշխատանքի միջազգային կազմակերպության (International Labour Organization) (ԱՄԿ) 113-րդ նստաշրջանին։ ՀՀ պատվիրակության կազմում էին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյան, նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը և Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը։

ԱՄԿ Աշխատանքի միջազգային համաժողովը ամենամյա անցկացվող բարձր մակարդակի համաժողով է, որն իր շուրջն է համախմբում աշխարհի երկրների կառավարությունների, գործատուների և աշխատողների ներկայացուցիչներին՝ քննարկելու արդի մարտահրավերները սոցիալական գործընկերության ամրապնդման, աշխատանքի իրավունքների պաշտպանության, անվտանգ և առողջ աշխատանքային միջավայրի ապահովման, սոցիալական արդարության վերաբերյալ։

Այցի ընթացքում ՀԳՀՄ նախագահ Վահագն Համբարձումյանը մի շարք կարևոր հանդիպումներ ունեցավ ԱՄԿ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ` քննարկելու Հայաստանի գործատուների ներգրավվածության հնարավորությունները միջազգային տարբեր հարթակներում և ընդլայնելու միջազգային համագործակցության հեռանկարները։

Հունիսի 10 - Հանդիպում ԱՄԿ Գործատուների բյուրոյի (ACT/EMP) տնօրեն Դեբորա Ֆրանս Մասսինիի հետ

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ՀԳՀՄ կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման հնարավորությունները, և պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում նախաձեռնել համատեղ ծրագիր վարչական պատասխանատվության վերաբերյալ գործարարի ուղեցույցի մշակման ուղղությամբ, որը կներառի հարկային, աշխատանքային և քաղաքացիական օրենսդրությանն առնչվող պատասխանատվությունների շրջանակներն ու դրանց կանխարգելման ուղիները։ Դեբորա Ֆրանսը սիրով ընդունեց նաև ՀԳՀՄ նախագահի հրավերը մասնակցելու աշնանը Հայաստանում նախատեսվող համաժողովին՝ նվիրված տնտեսության ֆորմալացման խթանմանը։

Հունիսի 10 - Հանդիպում Գործատուների միջազգային կազմակերպության (IOE) գլխավոր քարտուղար Ռոբերտո Սուարես Սանտոսի հետ

Հանդիպման ընթացքում Ռոբերտո Սուարես Սանտոսը մանրամասն ներկայացրեց Գործատուների միջազգային կազմակերպության (ԳՄԿ) դերն ու անդամակցման առավելությունները` որպես հեղինակավոր կառույց, ԱՄԿ-ում և այլ միջազգային հարթակներում գործատուների շահերի պաշտպանության գործում։ Քննարկվեց ՀԳՀՄ անդամակցության հարցը Գործատուների միջազգային կազմակերպությանը, և ՀԳՀՄ նախագահը պատրաստակամություն հայտնեց ձեռնարկելու գործնական քայլեր Միության անդամակցության գործընթացի մեկնարկի ուղղությամբ։ Այնուհետև ԳՄԿ խորհդատու Մոհիրա Կուրբանովայի ուղեկցությամբ ՀԳՀՄ նախագահը մասնակցեց Ժնևի ՄԱԿ-ի պալատում կայացած ԱՄԿ մի շարք կարևոր պլենար նիստերին, որոնց ընթացքում տարբեր երկրների գործատուների միությունների ղեկավարները ներկայացրեցին տարվա ընթացքում կատարած աշխատանքները, անդրադարձան ոլորտում առկա գլոբալ մարտահրավերներին և համագործակցության նոր հնարավորություններին։

Հունիսի 11 - Մեծ լիագումար նիստ

Ի թիվս վերոնշյալ հարցերի` լիագումար նիստի հիմնական թեմաներից էր կենսաբանական վտանգների վերաբերյալ նոր կոնվենցիայի քննարկումը՝ ուղղված աշխատանքի վայրում առողջության և անվտանգության ապահովմանը։ ՀՀ պատվիրակության բոլոր անդամները մասնակցեցին լիագումար նիստին, որի ընթացքում ելույթով հանդես եկավ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Հունիսի 12 - Մասնակցություն «Սոցիալական արդարության գլոբալ կոալիցիա» համաժողովին

ՀՀ պատվիրակությունը մասնակցեց նաև «Սոցիալական արդարության գլոբալ կոալիցիա» համաժողովին, որը նպատակաուղղված էր սոցիալական արդարության հիմնարար սկզբունքների խթանմանն ու արժանապատիվ աշխատանքի միջավայրի ապահովմանը։

Հունիսի 12 - Հանդիպում ԱՄԿ (ILO) գլխավոր տնօրեն Ժիլբերդ Հունգբոյի հետ

Հանդիպման ընթացքում ՀՀ սոցիալական գործընկերները` ի դեմս ՀՀ կառավարության, Հայաստանի գործատուների հանրապետական միության և Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի,  ներկայացրեցին ինչպես այս ընթացքում իրականացված աշխատանքները, այնպես էլ առաջիկա նոր նախաձեռնությունները։ Քննարկվեցին նաև սոցիալական գործընկերության համապարփակ զարգացմանը միտված ծրագրերն ու հնարավոր համագործակցության ուղղությունները Հայաստանում։

Կազմակերպված հանդիպումների շարքը նոր խթան կհանդիսանա ՀԳՀՄ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման և գործատուների միջազգային համայնքի հետ փոխշահավետ կապերի խորացման համար։

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ