Միության նախագահը մասնակցեց IOE-ի տարեկան տարածաշրջանային հանդիպմանը

14-09-2026
Միության նախագահը մասնակցեց IOE-ի տարեկան տարածաշրջանային հանդիպմանը

Սեպտեմբերի 10-12-ը Շվեդիայի Ստոկհոլմ քաղաքում տեղի ունեցավ Գործատուների միջազգային կազմակերպության (International Organization of Employers-IOE) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի անդամների տարեկան տարածաշրջանային հանդիպումը, որին մասնակցեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը։

Հանդիպումը, որը հյուրընկալվել էր Շվեդիայի գործատուների կոնֆեդերացիայի կողմից, միավորել էր Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների շուրջ 30 գործատուների կազմակերպությունների ղեկավարներին՝ տարածաշրջանի գործարար միջավայրի, աշխատաշուկայի և սոցիալական երկխոսության արդի զարգացումները ներկայացնելու, ինչպես նաև գործատուների կազմակերպությունների առջև ծառացած ընդհանուր մարտահրավերներն ու առաջնահերթությունները քննարկելու նպատակով։

Հանդիպման օրակարգում միջազգային աշխատաշուկայի և գործատուների համար առանցքային հարցերն էին, այդ թվում՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) ընթացիկ բարեփոխումները, հարթակային տնտեսության վերաբերյալ նոր միջազգային գործիքը, ինչպես նաև IOE-ի կողմից Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի անդամներին տրամադրվող աջակցության հնարավորությունները, ԱՄԿ-ի և Գործատուների գործունեության բյուրոյի (ACT/EMP) առաջիկա ծրագրերն ու տարածաշրջանային նախաձեռնությունները։

Առանձին քննարկումներ ծավալվեցին նաև թվայնացման և արհեստական բանականության՝ աշխատանքի ապագայի վրա ազդեցության շուրջ։ Մասնակիցները անդրադարձան արհեստական բանականության կարգավորման և կառավարման հարցերին, ընկերությունների գործունեության մեջ դրա կիրառման հնարավորություններին և մարտահրավերներին, ինչպես նաև աշխատաշուկայի փոփոխվող պահանջներին։ Առանձնահատուկ ընդգծվեց նաև Եվրոպայում որակյալ աշխատատեղերի ձևավորման հարցը։ Քննարկվեցին ԵՄ «Quality Jobs Act»-ի ակնկալվող ազդեցությունը գործատուների և ընկերությունների վրա, աշխատանքի որակի բարձրացմանն ուղղված քաղաքականությունները և այդ գործընթացում բիզնեսի ներգրավվածությունը։

Հանդիպման շրջանակում IOE-ի անդամները ներկայացրեցին իրենց երկրներում առկա տնտեսական, քաղաքական և սոցիալական իրավիճակը՝ անդրադառնալով գործարար միջավայրին, զբաղվածության միտումներին, աշխատանքային օրենսդրության փոփոխություններին, սոցիալական երկխոսությանը, կոլեկտիվ բանակցություններին և ազգային մակարդակում գործատուների առջև ծառացած առաջնահերթ խնդիրներին։

Վահագն Համբարձումյանը ներկայացրեց Հայաստանի գործարար միջավայրի հիմնական զարգացումները, գործատուների համար արդիական խնդիրներն ու ՀԳՀՄ-ի առաջնահերթությունները՝ կարևորելով տարբեր երկրների  գործատուների կազմակերպությունների հետ փորձի փոխանակումն ու համագործակցության ընդլայնումը։

Հիշեցնենք, որ Միությունը 2026 թվականից անդամակցում է IOE-ին, որն աշխարհի ավելի քան 140 երկրներում գործող գործատուների և գործարար համայնքի շահերը ներկայացնող համաշխարհային կառույց է՝ ավելի քան 150 անդամ կազմակերպություններով։

ՀԳՀՄ-ի անդամակցումը Գործատուների միջազգային կազմակերպությանը նոր հնարավորություն է ստեղծում Հայաստանի գործատուների ձայնն ու առաջնահերթությունները միջազգային հարթակներում առավել արդյունավետ ներկայացնելու, ինչպես նաև միջազգային լավագույն փորձը Հայաստանի գործատուների կազմակերպությունների և բիզնեսի զարգացման օրակարգերում ընդգրկելու և կիրառելու համար։

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ