Միությունը` ԵՄ–Հայաստան քաղաքացիական հասարակության հարթակի 9-րդ հանդիպմանը
Նոյեմբերի 9-ին Բրյուսելում կայացավ ԵՄ–Հայաստան քաղաքացիական հասարակության հարթակի 9-րդ հանդիպումը, որին մասնակցեցին Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահի տեղակալ Նարե Սարգսյանը, ինչպես նաև ՀԳՀՄ կողմից ներկայացված ՀԸԳՀ գործատուների ներկայացուցիչներ Դիանա Սարումովան և Մարինե Ժամկոչյանը։
Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանի և եվրոպական կառույցների, քաղաքացիական հասարակության, սոցիալական գործընկերների և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ՝ քննարկելու Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ - CEPA) իրականացումը և ԵՄ–Հայաստան համագործակցության հետագա զարգացման հնարավորությունները։

Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀԸԳՀ հարթակի համանախագահ Դումիտրու Ֆորնեան, հարթակի անդամ Սյուզաննա Սողոմոնյանը և ԵՏՏՀ արտաքին հարաբերությունների բաժնի փոխնախագահ Տանյա Բուզեկը։ Տեսաուղերձով մասնակիցներին ողջունեց նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Բելգիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը ներկայացրեց ԵՄ–Հայաստան հարաբերություններում և ՀԸԳՀ-ի իրականացման ուղղությամբ արձանագրված առաջընթացը՝ անդրադառնալով նաև ԵՄ-ի կողմից Հայաստանի արտադրողների համար ժամանակավոր ինքնավար առևտրային միջոցառումների (Autonomous Trade Measures) ընձեռած նոր հնարավորություններին։
ՀԳՀՄ փոխնախագահ Նարե Սարգսյանը մասնակցեց «Աշխատանքը փոփոխվող աշխարհում․ արժանապատիվ աշխատանք, սոցիալական երկխոսություն և իրավունքներ» խորագրով պանելային քննարկմանը՝ ներկայացնելով ՀՀ գործատուների տեսակետը։ Անդրադառնալով արհեստական բանականության, թվայնացման և աշխատաշուկայի արագ փոփոխությունների ազդեցությանը՝ նա ընդգծեց, որ տեխնոլոգիական վերափոխումների հետևանքներին արձագանքելուց բացի՝ անհրաժեշտ է նախապես ձևավորել դրանց կառավարման մեխանիզմները։

Այս համատեքստում առանձնահատուկ կարևորվեց սոցիալական գործընկերների՝ գործատուների, աշխատողների և պետության միջև շարունակական երկխոսությունը՝ նոր հմտությունների պահանջարկը գնահատելու, վերապատրաստման և վերաորակավորման հնարավորությունները զարգացնելու, աշխատանքի կազմակերպման նոր ձևերին արձագանքելու և աշխատողների իրավունքների պաշտպանության համապատասխան մեխանիզմներ ձևավորելու նպատակով։Նարե Սարգսյանն ընդգծեց, որ գործատուները պետք է ներգրավված լինեն ոչ միայն ընթացիկկ փոփոխությունների, այլև աշխատաշուկայի և հմտությունների զարգացման քաղաքականության ձևավորման գործընթացներում։

Նարե Սարգսյանը մասնակցեց նաև «Ոչ ֆորմալ տնտեսությունից դեպի ֆորմալ տնտեսություն անցման խթանումը» խորագրով պանելային քննարկմանը, որը վարում էր ՀՀ-ԵՄ Քաղհասարակության պլատֆորմի համանախագահ Լուսինե Հակոբյանը։
Ներկայացնելով ՀԳՀՄ-ի փորձը՝ Նարե Սարգսյանը անդրադարձավ Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) աջակցությամբ իրականացված՝ ոչ ֆորմալ զբաղվածությունից դեպի ֆորմալ զբաղվածություն անցման ծրագրի շրջանակում Միության կատարած աշխատանքներին։ Ծրագրի արդյունքում ՀԳՀՄ-ն մշակել է բարեփոխումների առաջարկությունների փաթեթ, որը ներկայացվել և քննարկվել է պետական համապատասխան մարմինների հետ։ Առաջարկությունների զգալի մասը, մասնավորապես հարկային վարչարարության կատարելագործմանն ուղղված առաջարկները, քննարկվել են նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետ, որոնց մեծ մասն ընդունվել է։

ՀԳՀՄ-ն կարևորում է, որ ֆորմալացման գործընթացը հիմնված լինի ոչ թե բացառապես վերահսկողության և պատժամիջոցների կիրառման, այլև խրախուսման և աջակցման արդյունավետ մեխանիզմների վրա։ Այն պետք է ապահովի տնտեսապես իրատեսական և բիզնեսի համար հասանելի պայմաններ՝ հատկապես փոքր և միջին ձեռնարկությունների համար։ Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ են պարզեցված վարչարարություն, կանխատեսելի հարկային միջավայր, խորհրդատվական աջակցություն և ֆորմալ գործունեության անցումը խթանող գործնական լուծումներ։
Հանդիպման ամփոփիչ հատվածում ընդունվեց ԵՄ–Հայաստան քաղաքացիական հասարակության հարթակի համատեղ հռչակագիրը, որն արտացոլում է ԵՄ–ՀՀ քաղաքացիական հասարակության ու սոցիալական գործընկերների ընդհանուր առաջնահերթություններն ու առաջարկությունները։

ՀԳՀՄ-ի մասնակցությունը նման հարթակներին կարևոր նշանակություն ունի հայաստանյան գործատուների դիրքորոշումը եվրոպական գործընկերներին ներկայացնելու, սոցիալական երկխոսության ամրապնդման և Հայաստանի տնտեսական ու աշխատանքային քաղաքականությունների եվրոպական օրակարգերի հետ համահունչ զարգացման գործընթացներում մասնավոր հատվածի շահերի արտահայտման տեսանկյունից։





ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
-
15-05-2021Պարենային անվտանգության համակարգը կարող է դառնալ տնտեսության տարբեր ճյուղերը ինտեգրելու և փոխկապակցելու անկյունաքար, ինչպես նաև տնտեսության զարգացման այլընտրանքային մոդել: ՀԳՀՄ-ն և Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) իրականացրել են Հայաստանի պարենային անվտանգության համակարգի բազմափուլ գնահատման ծրագիր, որի արդյունքում 2021թ. փետրվարի 5-ին կազմակերպվեց կոնֆերանս` քննարկելու այն հիմնաքարերը, որոնց շրջանակում ՀՀ պարենային անվտանգության համակարգը կարող է նպաստել տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը (մեր գնահատականով առկա են պարենի անվտանգության հետ կապված առնվազն 15 այդպիսի ճյուղային կապեր):
-
05-10-2014ALIGN ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների նպատակն էր աջակցել ՀՀ բուհերին՝ համաձայնեցնել ՀՀ կրթական ծրագրերը ՀՀ ազգային և ոլորտային կրթական պահանջներին: Թրեյնինգները ձևավորվել են TEMPUS ARMENQA և INARM ծրագրերի շրջանակում՝ համաձայն եվրոպական կրթական համակարգի պահանջների:
-
27-02-2020Կայացավ «Աշխատանքի անվտանգության ապահովման և առողջության պահպանման կարևորությունը գործատուների համար» կոնֆերանս-քննարկումը, որը կազմակերպվել էր ՀԳՀՄ կողմից՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ:
-
30-04-20212021թ. ապրիլի 30-ին, ՀԳՀՄ 3 ներակայացուցիչները մասնակցեցին «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» գործողության «Ռեսուրսների խնայողություն եւ մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) բաղադրիչի առաջընթացի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը: Հանդիպման հիմնական նպատակն էր ցուցադրել ՌԱՄԱ պրակտիկայի հնարավոր կիրառումը՝ հիմնված սննդի/գյուղատնտեսության, շինանյութի եւ քիմիական արդյունաբերության վրա, ինչպես նաեւ ստանալ առաջարկություններ շահագիգիռ այլ կազմակերպությունների հետ գործընկերության հնարավորությունների վերաբերյալ: