ՓՄՁ Զարգացման Խորհրդի 27-րդ նիստը` փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ

20-05-2025
ՓՄՁ Զարգացման Խորհրդի 27-րդ նիստը` փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ

Մայիսի 20-ին Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացավ ՓՄՁ Զարգացման Խորհրդի 27-րդ  նիստը։  

Նիստի սկզբում Հայաստանի ներդրումային խորհրդի ղեկավար Հովսեփ Պատվականյանը ներկայացրեց նախորդ նիստի ընթացքում ընդունված որոշումների կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքները։ Այս համատեքստում փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը կարևորեց ներկայացված կարգավորումների մշտադիտարկման շարունակականությունը՝ դրանց ազդեցությունը գործարար միջավայրի բարելավման տեսանկյունից գնահատելու նպատակով:

 

Հընթացս քննարկվեցին փոքր և միջին ձեռնարկատիրության և ընդհանուր ներդրումային միջավայրի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր, այդ թվում՝ մասնավոր հատվածի մրցունակության բարձրացման նպատակով անվտանգության կառավարման համակարգերի և արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատների ստացման աջակցության առաջարկվող ծրագրի, ինչպես նաև վարչական ակտերի բողոքարկման դեպքում դրանց գործողության կասեցման ընդհանուր կանոնի վերանայման նպատակով շրջանառության մեջ դրված կարգավորումների վերաբերյալ:

Նիստին մասնակցում էր նաև Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը, ով դրական արտահայտվեց Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթի վերաբերյալ` բիզնեսի կողմից ԲՈւՀ-երին, միջին մասնագիտական և հանրակրթական հաստատություններին նվիրաբերությունների ծավալը մեծացնելու նպատակով, ինչպես նաև հայտնեց իր բացասական դիրքորոշումը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի մի շարք փոփոխությունների վերաբերյալ։  

Հիշեցնենք, որ Հայաստանի գործատուների հանրապետական միությունը հանդիսանում է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ գործող ՓՄՁ զարգացման պետություն-մասնավոր երկխոսության հարթակի անդամ, որի շրջանակներում անդամները ներկայացնում են օրենսդրական բնույթի խնդիրներ, իսկ ՎԶԵԲ-ի կողմից ձևավորված Հայաստանի ներդրումային խորհրդի իրավաբանների և տնտեսագետների թիմը իրականացնում է փորձագիտական աջակցություն` ուղղված օրենսդրական բարեփոխումներին։

https://www.youtube.com/watch?v=DRDr4GiVtT8

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ