Փոխվարչապետի գլխավորությամբ տեղի ունեցավ հարկային վարչարարության արդյունքում քրեական վարույթների նախաձեռնման պրակտիկայի վերաբերյալ քննարկում
Դեկտեմբերի 17-ին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ պետական գերատեսչությունների և մասնավոր հատվածը ներկայացնող միությունների ներկայացուցիչների հետ տեղի ունեցավ քննարկում հարկային վարչարարության արդյունքում քրեական վարույթների նախաձեռնման պրակտիկայի վերաբերյալ։
Քննարկմանը մասնակցում էր նաև Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը։

Հանդիպման ընթացքում մանրամասն անդրադարձ կատարվեց հարկային վարչարարության իրականացման տարբեր փուլերում լրացուցիչ հարկային պարտավորությունների առաջադրման դեպքերում Պետական եկամուտների կոմիտեի հաղորդումների հիման վրա տնտեսավարողների նկատմամբ քրեական վարույթներ նախաձեռնելու գործընթացին։ Մասնավորապես՝ գործարար միությունների ներկայացուցիչները մտահոգություն հայտնեցին, որ գործընթացի արդյունքում որոշ տնտեսավարողների համար առավել նախընտրելի է դառնում առաջադրված պարտավորությունների չվիճարկումը՝ քրեական պատասխանատվության հեռանկարից խուսափելու նպատակով։

ՀԳՀՄ նախագահ Վահագն Համբարձումյանը փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին հիշեցրեց Ջերմուկի «Գործարար միջավայրի բարելավումը երկխոսության միջոցով» աշխատաժողովին իր կողմից ներկայացված առաջարկը, համաձայն որի քրեական վարույթի համար նշանակություն ունեցող տվյալները պետք է վերցվեն այլ կրիչի վրա պատճենելու եղանակով՝ ապահովելով այդ տվյալների և դրանցից կատարված պատճենների ամբողջականությունը, իսկ էլեկտրոնային սարքերը կամ կրիչները վերցնելուց հետո դրանք պետք է հանձնվեն (վերադարձվեն) օրինական տիրապետողին՝ տվյալները պատճենելուց ոչ ուշ, քան 3 օրվա ընթացքում: Փոխվարչապետն ընդունեց առաջարկը և նշեց, որ այն անպայման հաշվի կառնվի օրենսդրական փոփոխությունների մշակման գործընթացում։
Պատասխանատու գերատեսչությունների կողմից ներկայացվեցին այս խնդրի ուղղությամբ արդեն իսկ իրականացված և ընթացիկ աշխատանքները, ինչպես նաև հարցի կարգավորման լրացուցիչ առաջարկներ, այդ թվում՝ լրացուցիչ պարտավորությունների առաջադրման շեմի փոփոխության, ստուգման ողջամիտ ժամանակահատվածի սահմանման, ինչպես նաև հաղորդում ներկայացնելու համար հարկային պարտավորություններից խուսափելու հանցակազմի առկայության պարտադիր պայմանի սահմանման վերաբերյալ։ Անդրադառնալով խնդրի կարգավորման հնարավոր եղանակներին՝ փոխվարչապետը կարևորեց այնպիսի լուծումների ներդրումը, որոնք հարկային կարգապահության ապահովմանը զուգահեռ չեն խոչընդոտի գործարարների կողմից իրենց իրավունքների պաշտպանության լիարժեք իրացմանը։

Հանդիպման արդյունքում ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ շարունակելու խնդրի կարգավորման համար անհրաժեշտ գործողությունների շուրջ քննարկումները՝ 2026 թվականի սկզբին դրանք ամփոփելու և առաջիկա քայլերը համաձայնեցնելու նպատակով։
ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
-
15-05-2021Պարենային անվտանգության համակարգը կարող է դառնալ տնտեսության տարբեր ճյուղերը ինտեգրելու և փոխկապակցելու անկյունաքար, ինչպես նաև տնտեսության զարգացման այլընտրանքային մոդել: ՀԳՀՄ-ն և Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) իրականացրել են Հայաստանի պարենային անվտանգության համակարգի բազմափուլ գնահատման ծրագիր, որի արդյունքում 2021թ. փետրվարի 5-ին կազմակերպվեց կոնֆերանս` քննարկելու այն հիմնաքարերը, որոնց շրջանակում ՀՀ պարենային անվտանգության համակարգը կարող է նպաստել տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը (մեր գնահատականով առկա են պարենի անվտանգության հետ կապված առնվազն 15 այդպիսի ճյուղային կապեր):
-
05-10-2014ALIGN ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների նպատակն էր աջակցել ՀՀ բուհերին՝ համաձայնեցնել ՀՀ կրթական ծրագրերը ՀՀ ազգային և ոլորտային կրթական պահանջներին: Թրեյնինգները ձևավորվել են TEMPUS ARMENQA և INARM ծրագրերի շրջանակում՝ համաձայն եվրոպական կրթական համակարգի պահանջների:
-
27-02-2020Կայացավ «Աշխատանքի անվտանգության ապահովման և առողջության պահպանման կարևորությունը գործատուների համար» կոնֆերանս-քննարկումը, որը կազմակերպվել էր ՀԳՀՄ կողմից՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ:
-
30-04-20212021թ. ապրիլի 30-ին, ՀԳՀՄ 3 ներակայացուցիչները մասնակցեցին «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» գործողության «Ռեսուրսների խնայողություն եւ մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) բաղադրիչի առաջընթացի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը: Հանդիպման հիմնական նպատակն էր ցուցադրել ՌԱՄԱ պրակտիկայի հնարավոր կիրառումը՝ հիմնված սննդի/գյուղատնտեսության, շինանյութի եւ քիմիական արդյունաբերության վրա, ինչպես նաեւ ստանալ առաջարկություններ շահագիգիռ այլ կազմակերպությունների հետ գործընկերության հնարավորությունների վերաբերյալ: