Քննարկվեցին հայ-ամերիկյան գործարար համագործակցության զարգացման նոր հնարավորությունները
Հուլիսի 23-ին Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահի տեղակալ Նարե Սարգսյանը, գործադիր տնօրեն Լիլիթ Ադամյանը և ՀԳՀՄ անդամ, «Սանդոյան Մենեջմենթ Քնսալթինգ» ընկերության հիմնադիր տնօրեն Մարինա Սանդոյանը հյուրընկալվեցին ԱՄՆ դեսպանատանը, որտեղ հանդիպում ունեցան առևտրի հարցերով մասնագետ Տիգրան Թանանյանի և քաղաքականության մասնագետ Լիլիթ Անտոնյանի հետ։
Հանդիպման ընթացքում համատեղ քննարկվեցին դեսպանատան առևտրի բաժնի կողմից կազմակերպվող միջազգային ցուցահանդեսներին ու բիզնես առաքելություններին հայկական ընկերությունների մասնակցության հնարավորությունները, որոնք կարող են նպաստել Միության անդամների կարողությունների հզորացմանը, նոր շուկաների բացահայտմանը և միջազգային գործարար կապերի ընդլայնմանը։
ՀԳՀՄ նախագահի տեղակալ Նարե Սարգսյանը ներկայացրեց Միության դերակատարումը որպես գործատուների շահերը ներկայացնող սոցիալական գործընկեր՝ կարևորելով մասնավոր հատվածի և միջազգային կառույցների միջև շարունակական երկխոսության անհրաժեշտությունը։ Նա ընդգծեց, որ նման համագործակցությունները նպաստում են ոչ միայն նոր բիզնես կապերի ձևավորմանը, այլև հայկական ընկերությունների միջազգային ինտեգրմանը և կայուն զարգացմանը։
ՀԳՀՄ գործադիր տնօրեն Լիլիթ Ադամյանը ներկայացրեց Միության գործունեության հիմնական ուղղություններն ու միջազգային համագործակցության ընդլայնմանն ուղղված ընթացիկ նախաձեռնությունները։ Նա առանձնահատուկ անդրադարձավ Միության անդամների կարողությունների զարգացմանն ուղղված մասնագիտական վերապատրաստումների և փորձի փոխանակման ծրագրերի իրականացման նոր հնարավորությունների ստեղծմանը, որոնք կնպաստեն նրանց մրցունակության և արտահանման ներուժի բարձրացմանը։
Մարինա Սանդոյանը կիսվեց մասնավոր հատվածի տեսանկյունից առկա մարտահրավերներով և զարգացման հնարավորությունների վերաբերյալ իր դիտարկումներով` նշելով, որ Միության հարթակը կարևոր հնարավորություն է ստեղծում անդամ ընկերությունների միջև համագործակցության ամրապնդման և միջազգային բիզնես կապերի ընդլայնման համար։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատեցին համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը՝ միտված Հայաստանի գործարար համայնքի զարգացմանը, Միության անդամների մրցունակության բարձրացմանը և երկկողմ գործարար կապերի առավել ակտիվ ընդլայնմանը։
ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
-
15-05-2021Պարենային անվտանգության համակարգը կարող է դառնալ տնտեսության տարբեր ճյուղերը ինտեգրելու և փոխկապակցելու անկյունաքար, ինչպես նաև տնտեսության զարգացման այլընտրանքային մոդել: ՀԳՀՄ-ն և Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) իրականացրել են Հայաստանի պարենային անվտանգության համակարգի բազմափուլ գնահատման ծրագիր, որի արդյունքում 2021թ. փետրվարի 5-ին կազմակերպվեց կոնֆերանս` քննարկելու այն հիմնաքարերը, որոնց շրջանակում ՀՀ պարենային անվտանգության համակարգը կարող է նպաստել տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը (մեր գնահատականով առկա են պարենի անվտանգության հետ կապված առնվազն 15 այդպիսի ճյուղային կապեր):
-
05-10-2014ALIGN ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների նպատակն էր աջակցել ՀՀ բուհերին՝ համաձայնեցնել ՀՀ կրթական ծրագրերը ՀՀ ազգային և ոլորտային կրթական պահանջներին: Թրեյնինգները ձևավորվել են TEMPUS ARMENQA և INARM ծրագրերի շրջանակում՝ համաձայն եվրոպական կրթական համակարգի պահանջների:
-
27-02-2020Կայացավ «Աշխատանքի անվտանգության ապահովման և առողջության պահպանման կարևորությունը գործատուների համար» կոնֆերանս-քննարկումը, որը կազմակերպվել էր ՀԳՀՄ կողմից՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ:
-
30-04-20212021թ. ապրիլի 30-ին, ՀԳՀՄ 3 ներակայացուցիչները մասնակցեցին «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» գործողության «Ռեսուրսների խնայողություն եւ մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) բաղադրիչի առաջընթացի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը: Հանդիպման հիմնական նպատակն էր ցուցադրել ՌԱՄԱ պրակտիկայի հնարավոր կիրառումը՝ հիմնված սննդի/գյուղատնտեսության, շինանյութի եւ քիմիական արդյունաբերության վրա, ինչպես նաեւ ստանալ առաջարկություններ շահագիգիռ այլ կազմակերպությունների հետ գործընկերության հնարավորությունների վերաբերյալ: