Քննարկվեցին Միության և ԱՄՆ դեսպանատան համագործակցության հնարավոր ուղղությունները

01-08-2025
Քննարկվեցին Միության և ԱՄՆ դեսպանատան համագործակցության հնարավոր ուղղությունները

Օգոստոսի 1-ին Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) նախագահ Վահագն Համբարձումյանն ու գործադիր տնօրեն Լիլիթ Ադամյանը հյուրընկալեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան քաղաքական հարցերով մասնագետ Լիլիթ Անտոնյանին։

Հանդիպման նպատակն էր քննարկել Միության և ԱՄՆ դեսպանատան միջև հնարավոր համագործակցության շրջանակը՝ հիմնված Միության առաքելության և ԱՄՆ դեսպանատան տարածաշրջանային առաջնահերթությունների վրա։ Կողմերը կարևորեցին գործընկերության ամրապնդման անհրաժեշտությունը՝ ուղղված Հայաստանում գործարար հատվածի ներուժի զարգացմանն ու տնտեսական առաջընթացին։

Վահագն Համբարձումյանը ներկայացրեց ՀԳՀՄ հիմնական գործունեության ուղղությունները՝ առանձնացնելով Միության դերակատարությունը գործատուների շահերի պաշտպանությունում և պետական կառույցների հետ համագործակցության ձևավորման մեջ։

Վահագն Համբարձումյանը ներկայացրեց Միության գործունեության առանցքային ուղղությունները՝ առանձնացնելով ՀԳՀՄ դերակատարությունը գործատուների շահերի պաշտպանության և տարբեր հարթակներում պետական կառույցների հետ համագործակցության հմաատեքստում։ Վ.Համբարձումյանն անդրադարձավ նաև Միության ակտիվ ներգրավվածությանը սոցիալական գործընկերության զարգացման գործընթացում՝ կարևորելով ակտիվ մասնակցությունը քաղաքականությունների մշակման և պետական-մասնավոր հատվածների միջև կառուցողական երկխոսության խթանման գործում։

Լիլիթ Անտոնյանը ներկայացրեց ԱՄՆ դեսպանատան կողմից խրախուսվող հիմնական ծրագրային ուղղությունները՝ առանձնացնելով ժողովրդավարության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության, տնտեսության և ձեռնարկատիրության խթանման բաղադրիչները։ Թեև այս փուլում որոշ ծրագրեր ժամանակավորապես սառեցված են, սակայն Լ.Անտոնյանն ընդգծեց, որ ԱՄՆ դեսպանատունը բաց է քննարկել համագործակցության հնարավորություններն այն նախաձեռնությունների շրջանակներում, որոնք նպաստում են ձեռներեցության զարգացմանը, կանանց և երիտասարդների ներգրավվածության աճին, ինչպես նաև սոցիալ-տնտեսական կայունությանը՝ հատկապես առավել խոցելի խմբերի համար։

Իր հերթին, Լիլիթ Ադամյանը ներկայացրեց Միության ծրագրային ուղղությունները, մասնավորապես անդրադարձ կատարելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության համար ներկայումս իրականացվող ձեռնարկատիրական կրթության զարգացման ծրագրին, որն ուղղված է տեղահանված անձանց սոցիալական և տնտեսական վերաինտեգրմանը։ Նա նաև անդրադարձավ Միության այն նախաձեռնություններին, որոնք միտված են անդամ կազմակերպությունների կարողությունների հզորացմանը, բիզնես միջավայրի բարելավմանը, ինչպես նաև աշխատաշուկայի պահանջներին համապատասխան հմտությունների ձևավորմանը։

Հանդիպման ավարտին ձեռք բերվեց պայմանավորվածություն առաջիկայում ԱՄՆ դեսպանատան ուսումնասիրությանը ներկայացնել համագործակցության ծրագրային առաջարկների փաթեթ՝ ներառելով այն նախաձեռնություններն ու փորձի փոխանակման ծրագրերը, որոնք համահունչ են երկու կողմերի ռազմավարական նպատակներին և կարող են համատեղ իրականացվել՝ ի նպաստ մասնավոր հատվածի ներուժի հզորացման, ներառական աճին և տնտեսության զարգացման խթանմանը։

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ