Տեղի ունեցավ «Վերականգնվող էներգիայի ոլորտում աշխատուժի ներուժի հզորացում» ծրագրի աշխատանքային խմբի հանդիպումը

10-06-2025
Տեղի ունեցավ «Վերականգնվող էներգիայի ոլորտում աշխատուժի ներուժի հզորացում» ծրագրի աշխատանքային խմբի հանդիպումը

Հունիսի 9–10-ը տեղի ունեցավ «Վերականգնվող էներգիայի ոլորտում աշխատուժի ներուժի հզորացում» (Strengthening Workforce Potential in the Renewable Energy Sector - REnForce) Էրազմուս+ միջազգային ծրագրի աշխատանքային խմբի երկօրյա հանդիպումը, որին մասնակցում էին ծրագրի կառավարման խորհրդի անդամներ՝ Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահի տեղակալ Մարիա Խախամյանը և գործադիր տնօրեն Լիլիթ Ադամյանը։

«REnForce»-ը եռամյա ծրագիր է, որը մեկնարկել է 2025 թվականի հունվարից։ Այն նպատակ ունի արդիականացնել վերականգնվող էներգիայի ոլորտի մասնագիտական կրթական ծրագրերը, խթանել աշխատանքի վրա հիմնված ուսուցումը և ամրապնդել կրթական հաստատությունների և աշխատաշուկայի միջև համագործակցությունը։

Ծրագիրն իրականացվում է հայաստանյան և միջազգային մի շարք բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ու կազմակերպությունների համատեղ գործընկերությամբ, մասնավորապես` Հայաստանի գործատուների հանրապետական միությանը, «Արփի Սոլար» ընկերության, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի քոլեջի, ՀՀ ԿԳՄՍՆ Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի, Տավուշի Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային քոլեջի, ինչպես նաև Լատվիայի RISEBA կիրառական գիտությունների համալսարանի, Չեխիայի «Շկոդա Ավտո» համալսարանի, Green Tech Latvia և բելգիական IHF asbl կազմակերպությունների միջև սերտ համագործակցությամբ։

Ծրագրում առանցքային դերակատարում ունի Հայաստանի գործատուների հանրապետական միությունը, որը ծրագրի նախնական փուլում արդեն իրականացրել է արևային էներգիայի ոլորտի գործատուների շրջանում կարիքների գնահատման հարցում։ Հարցման նպատակն էր վերհանել աշխատաշուկայի արդի պահանջները՝ դրանց հիման վրա մշակելու ժամանակակից և կիրառելի կրթական ծրագիր, որը կհամապատասխանի ոլորտի զարգացող միտումներին։

Հունիսի 9-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի քոլեջում տեղի ունեցավ աշխատաժողով, որի ընթացքում ամփոփվեցին հունվարից առ այսօր իրականացված աշխատանքները և նախանշվեցին առաջիկա քայլերը։  Քոլեջում կազմակերպվեց նաև շրջայց, որի ընթացքում աշխատանքային խմբի անդամները ծանոթացան ուսումնական հաստատության նյութատեխնիկական բազային, հնարավորություն ունեցան տեղում տեսնելու ուսումնական գործընթացը, շփվելու դասախոսների և ուսանողների հետ, ինչպես նաև գնահատելու մասնագիտական կրթության մատուցման գործնական բաղադրիչը։

Հունիսի 10-ին ծրագրի աշխատանքային խմբի անդամների համար կազմակերպվեց ուսումնաճանաչողական այց ՀՀ ԿԳՄՍՆ Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան՝ տեղում ծանոթանալու «Վերականգնվող էներգիայի էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում և սպասարկում» մասնագիտական կրթական ծրագրի ուսումնական գործընթացին, որի շրջանակում ուսանողները ներկայացրեցին իրենց նախագծային աշխատանքները։

Հանդիպումն ուղեկցվեց ակտիվ քննարկումներով վերականգնվող էներգիայի ոլորտի խնդիրների և զարգացման միտումների հեռանկարների շուրջ։ Քննարկվեցին նաև արևային էներգիայի ոլորտի ընկերությունների միջև համագործակցության հնարավորությունները, ծրագրով նախատեսված ասոցիացիա ստեղծելու առաջիկա անելիքները, ինչպես նաև ներկայացվեց «Solar Force» ռեսուրս-կենտրոնի ստեղծման անհրաժեշտությունը, որը կհանդիսանա որպես վերապատրաստման, գիտելիքների փոխանցման և համագործակցության հարթակ ոլորտի մասնագետների և ուսումնական հաստատությունների համար։

Հայաստանի գործատուների հանրապետական միությունը հանդես է գալիս որպես համակարգող կողմ ծրագրի վերջնարդյունքի կարևոր ուղղություններից մեկում՝ արևային էներգիայի ոլորտի ընկերությունների ասոցիացիայի և ռեսուրս-կենտրոնի ստեղծման գործընթացում, որը նպատակաուղղված է մասնագիտական համայնքի սերտ համագործակցությանը և վերականգնվող էներգիայի զարգացումն ապահովող կայուն ինստիտուցիոնալ հիմքերի ձևավորմանը Հայաստանում։

Ծրագրի հաջորդ փուլում նախատեսվում է ծրագրի հայաստանյան գործընկերների ղեկավար կազմի և դասախոսների վերապատրաստում Լատվիայի կիրառական գիտությունների RISEBA համալսարանում և Victoria միջին մասնագիտական հաստատությունում։

101183074 — REnForce — ERASMUS-EDU-2024-CB-VET ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից։

 

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ