Միությունն ընդլայնում է միջազգային համագործակցությունը

09-09-2026
Միությունն ընդլայնում է միջազգային համագործակցությունը

Սեպտեմբերի 1–4-ը Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) նախագահի տեղակալ Նարե Սարգսյանը և գործադիր տնօրեն Լիլիթ Ադամյանը գործնական այցով գտնվում էին Գերմանիայում։

Այցի հիմնական նպատակն էր հանդիպել Գերմանիայի Bildungswerk der Wirtschaft (BWMV) կազմակերպության գլխավոր տնօրեն Սյուզան Բախի և միջազգային կապերի բաժնի ղեկավար Ֆրանցիսկա Վորբեքի հետ՝ երկու կազմակերպությունների միջև համագործակցության հաստատման, փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները քննարկելու համար։

Այցի շրջանակում կայացած երկօրյա աշխատանքային քննարկումների ընթացքում կողմերը ներկայացրին իրենց գործունեությունը, կուտակած փորձը և զարգացման առաջնահերթությունները։ Քննարկումների առանցքում էին գործատուների կազմակերպությունների կարողությունների զարգացումը, անդամակցության ընդլայնումը, սոցիալական երկխոսության ամրապնդումը, կրթություն–բիզնես համագործակցությունը և ոլորտին առնչվող այլ կարևոր թեմաներ։

Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց ՀԳՀՄ-ի՝ որպես Հայաստանի գործատուների շահերը ներկայացնող միակ պաշտոնական սոցիալական գործընկերոջ դերի հետագա ամրապնդմանը։ Այս ուղղությամբ առանձին քննարկում անցկացվեց հանդիպմանը հրավիրված Մարկուս Մատիսենի հետ, ով UDW GmbH ընկերության միջազգային կապերի տնօրենն է։ UDW GmbH-ն Հյուսիսային Գերմանիայի գործատուների ասոցիացիաների խորհրդատվական ընկերություն է, որը ընկերություններին աջակցում է մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում գործնական լուծումների մշակման գործում։ Համատեղ քննարկվեցին ՀԳՀՄ-ի ինստիտուցիոնալ կարողությունների հզորացմանն ուղղված հնարավոր նախաձեռնությունները, ինչպես նաև գործատուների կազմակերպությունների միջև փորձի փոխանակման և միջազգային համագործակցության զարգացման հեռանկարները։

Հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ կողմերը առաջիկայում կմշակեն համագործակցության հստակ ձևաչափ և կուրվագծեն համատեղ նախաձեռնությունների հիմնական ուղղությունները։

ՀԳՀՄ-ի և BWMV-ի միջև ձևավորվող նոր գործընկերությունը լայն հնարավորություն է երկու կազմակերպությունների փորձն ու ներուժը համատեղելու՝ գործատուների շահերի արդյունավետ ներկայացման, սոցիալական երկխոսության զարգացման, անդամակցման ընդլայնման, մասնագիտական կրթության և ուսուցման, բիզնեսի մրցունակության բարձրացման և միջազգային համագործակցության խորացման ուղղություններով։

BWMV-ն միջազգային համագործակցության ավելի քան երեք տասնամյակի փորձ ունեցող կազմակերպություն է, որը Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) աջակցությամբ իրականացնում է ծրագրեր Հարավային Կովկասի երկրներում՝ ուղղված կրթություն–բիզնես համագործակցության, աշխատուժի և մարդկային ռեսուրսների կառավարման, ձեռնարկատիրական հմտությունների զարգացման և գործատուների կազմակերպությունների կարողությունների ամրապնդմանը։

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ