ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
ՀՀ կառավարության, Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) և Հայաստանի Արհմիությունների Կոնֆեդերացիայի միջև եռակողմ սոցիալական գործընկերությունը հանրապետական մակարդակով մեկնարկել է 2009թ.-ի ապրիլի 27-ին: Սոցիալական գործընկերության շրջանակներում ՀԳՀՄ-ն ներկայացնում և խթանում է գործատուների շահերը Հայաստանում:
-
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ կառավարության և Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) միջև համագործակցությունն իրականացվում է հիմնական գործընկեր պետական կառույցների հետ` ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, ՀՀ ֆինանսների նախարարություն և դրանց ստորաբաժանումներ:
Վերոնշյալ պետական գերատեսչությունների հետ ՀԳՀՄ-ն իրականացնում է համագործակցություն մի շարք ուղղություններով, որոնք նպաստում են գործարար միջավայրի շարունակական զարգացմանը, հարկային քաղաքականության բարելավմանը, օրենսդրական բարեփոխումների իրականացմանը, ՓՄՁ մրցունակության աճին միտված բարենպաստ պայմանների ստեղծմանը, զբաղվածության խթանմանը, կրթություն-աշխատաշուկա կապի ամրապնդմանը և այլն։
-
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱ
2009թ.-ի ապրիլի 27-ին ստորագրվել է սոցիալական գործընկերության եռակողմ համաձայնագիր` «Ազգային Կոլեկտիվ Համաձայնագիր», ՀՀ կառավարության, Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) և Հայաստանի Արհմիությունների Կոնֆեդերացիայի (ՀԱՄԿ) միջև, որի շրջանակներում կողմերը նպաստում են ՀՀ-ում սոցիալ-աշխատանքային հարաբերությունների բարելավմանը:
ՀԳՀՄ-ն ՀԱՄԿ-ի հետ համատեղ իրականացնում է տարբեր ծրագրեր արժանապատիվ աշխատանքի, զբաղվածության, միգրացիայի, թրաֆիքինգի, աշխատանքի անվտանգության և պաշտպանության ուղղությամբ:
2000թ.-ի դեկտեմբերի 5-ին ՀՀ Ազգային Ժողովն ընդունեց օրենք «Արհմիությունների» վերաբերյալ, որն անհրաժեշտ էր Հայաստանի Արհմիությունների Կոնֆեդերացիայի գործողությունները օրենքի պահանջներին համապատասխանեցնելու համար: Այդ նույն նպատակով 24 ճյուղային միություններ գումարեցին համագումար` գրանցվելով իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում որպես արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միություններ:
Ներկայումս ՀԱՄԿ-ը միավորում է 18 ճյուղային հանրապետական միություններ, որոնցում ընդգրկված են 589 արհմիութենական կազմակերպություններ` 191340 անդամներով:
ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
ՀԳՀՄ-ն համագործակցում է միջազգային կազմակերպությունների հետ սոցիալ-տնտեսական բնագավառներում:
-
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ (ԱՄԿ)
Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ) ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություն է, որի նպատակն է սոցիալական արդարության սկզբունքների և միջազգայնորեն ճանաչված մարդու իրավունքների ու աշխատանքային իրավունքների խթանումը։ Հիմնադրված լինելով 1919թ.` 1946թ. ԱՄԿ-ն դարձավ ՄԱԿ-ի առաջին մասնագիտացված գործակալությունը:
ԱՄԿ-ն ունի չորս հիմնական ռազմավարական նպատակ.
1. խթանել և կյանքի կոչել աշխատանքի ոլորտում հիմնարար սկզբունքներն ու իրավունքները.
2. ընդլայնել տղամարդկանց և կանանց հնարավորությունները՝ ունենալու արժանապատիվ զբաղվածություն.
3. ընդլայնել սոցիալական պաշտպանության ընդգրկումն ու արդյունավետությունը բոլորի համար.
4. ամրապնդել՝ եռակողմությունը (կառավարության, գործատուների և աշխատողների համագործակցությունը սոցիալ-աշխատանքային հարցերի լուծման մեջ) և սոցիալական երկխոսությունը:ՄԱԿ-ի համակարգում՝ ԱՄԿ-ն ունի յուրօրինակ եռակողմ կառուցվածք։ Կազմակերպությունում քաղաքականության և ծրագրերի վերաբերյալ որոշումներ կայացնելիս գործատուների և աշխատողների ներկայացուցիչները կառավարության ներկայացուցիչների հետ ունեն հավասար ձայնի իրավունք: ԱՄԿ-ն նմանատիպ եռակողմ համագործակցությունը խրախուսում է նաև ազգային մակարդակում։ ԱՄԿ-ն սահմանում է միջազգային աշխատանքային ստանդարտներ Կոնվենցիաների և հանձնարարականների ձևով:
Հայաստանը ԱՄԿ-ին անդամակցում է 1992 թվականից: Հայաստանում ԱՄԿ-ի գործունեությունը համակարգում է ԱՄԿ-ի Արժանապատիվ աշխատանքի տեխնիկական աջակցության թիմը և Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի երկրների գրասենյակը:
Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ) 1919 թվականից ի վեր միավորում է 187 անդամ երկրների կառավարություններին, գործատուներին և աշխատողներին՝ սահմանելու աշխատանքային չափանիշներ, մշակելու քաղաքականություն և ծրագրեր:
2008թ.-ից ԱՄԿ-ի և ՀԳՀՄ-ի համագործակցությունն իրականացվում է հետևյալ ուղղություններով.1. ԱՄԿ կոնվենցիաների պահանջների կատարման աջակցություն և մշտադիտարկում,
2. Սոցիալական եռակողմ գործընկերության խթանում,
3. Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների պաշտպանություն և հնարավորությունների ստեղծում,
4. Արժանապատիվ աշխատանքային միջավայրի ձևավորում,
5. Աշխատանքի անվտանգության և պաշտպանության ապահովում,
6. Երիտասարդության զբաղվածության խթանում,
7. Փոքր և միջին բիզնեսի, ինչպես նաև կանանց ձեռնարկատիրության աջակցություն,
8. Աշխատանքային միգրացիոն քաղաքականության զարգացում,
9. Կանաչ տնտեսության և կանաչ աշխատատեղերի բարելավում,
10. Ֆորմալ տնտեսության խթանում,
11. Կայուն ձեռնարկությունների համար բարենպաստ միջավայրի ստեղծում,
12. Մասնագիտական կրթության շարունակական բարելավում,
13. Հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրման խթանում աշխատաշուկայում,
14. Աշխատանքի վայրում բռնությունների և ոտնձգությունների կանխարգելում։
ՀԳՀՄ համագործակցության միջազգային ցանցը
ՀԳՀՄ-ն ձևավորել է միջազգային համագործակցություն շուրջ 25 երկրների գործատուների միությունների հետ սոցիալական գործընկերության լավագույն փորձի ներդրման և գործարար կապերի խթանման նպատակով:
ՀԳՀՄ անդամների և արտասահմանյան ընկերությունների միջև համագործակցության և B2B կապերի ձևավորման համար պարբերաբար կազմակերպվում են բիզնես ֆորումներ, հանդիպումներ, կոնֆերանսներ և գործնական այցեր:
