Ավարտվեցին ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար ձեռնարկատիրական կրթության զարգացման ծրագրի երրորդ խմբի դասընթացները
Սեպտեմբերի 6-ին ավարտվեցին Հայաստանի գործատուների հանրապետական միության կողմից իրականացվող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար ձեռնարկատիրական կրթության զարգացման ծրագրի երրորդ խմբի դասընթացները։ Ծրագրի նպատակն էր զարգացնել շահառուների բիզնես հմտություններն ու աջակցել սեփական բիզնես սկսելու գործնական քայլերում։

Ծրագրի երրորդ խմբի դասընթացներն իրականացվեցին հիբրիդ ձևաչափով` համատեղելով առկա և հեռավար ուսուցումը, ինչը հնարավորություն տվեց ընդլայնել ծրագրի աշխարհագրական հասանելիությունը և ապահովել ՀՀ տարբեր մարզերում բնակվող շահառուների մասնակցությունը դասընթացներին։
Օգոստոսի 12-ից մեկնարկած մեկամսյա ինտենսիվ դասընթացի արդյունքում 29 մասնակից հնարավորություն ստացավ զինվել նոր գիտելիքներով և հմտություններով, որոնք անհրաժեշտ են սեփական բիզնեսի ստեղծման, կառավարման և կայուն զարգացման համար։ Նրանք ծանոթացան ձեռնարկատիրական գործունեության հիմունքներին, բիզնեսի կազմակերպման իրավակարգավորումներին, ֆինանսական պլանավորման սկզբունքներին, շուկայական վերլուծության մեթոդներին և ՀՀ-ում բիզնես գործունեության օրենսդրական ու հարկային դաշտի հիմնական պահանջներին։
Մասնակիցները սովորեցին մշակել բիզնես պլաններ, հաշվարկել ինքնարժեք, օգտվել ֆինանսական կառավարման գործիքներից, հասկանալ բյուջետավորման կառուցվածքը և կիրառել տեղեկատվական վերլուծական աղբյուրներ։ Դասընթացների ընթացքում անդրադարձ կատարվեց նաև ֆինանսական կազմակերպությունների և կապիտալի ներգրավման տարբեր աղբյուրներին, քննարկվեցին ֆինանսավորման հնարավոր եղանակները և համագործակցության արդյունավետ մոդելները։



Դասընթացները վարում էին ոլորտում փորձառու մասնագետներ՝ ՀԳՀՄ Խորհրդի անդամ, տնտեսագիտության տեսաբան և ֆինանսիստ Միհրան Թադևոսյանը և ՀԳՀՄ Խորհրդի անդամ, Հայաստանի ֆինանսիստների ասոցիացիայի նախագահ, տ.գ.թ. Սողոմոն Միրզոյանը։
Մասնակիցներն իրենց երախտագիտությունը հայտնեցին ծրագրի կազմակերպիչներին` ընդգծելով, որ ծրագիրը բացառիկ հնարավորություն ստեղծեց նրանց համար ձեռք բերելու արժեքավոր գիտելիքներ, որոնց շնորհիվ նրանք կկարողանան ձեռնարկել նոր բիզնես գործունեություն` դրանով իսկ ապահովելով կայուն եկամուտներ։



Երրորդ խմբի աշխատանքներով եզրափակվեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար ձեռնարկատիրական կրթության զարգացման ծրագրի իրականացումը, որի արդյունքները կներկայացվեն առաջիկայում նախատեսվող ծրագրի ամփոփիչ համաժողովի ընթացքում։
Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվում է ԱՄԿ աջակցությամբ՝ ՀՀ-ում ֆորմալացման խթանման նախաձեռնության շրջանակում։




վերջին նախագծեր
-
29-օգոստոսի-2025Հայաստանի գործատուների հանրապետական միությունը (ՀԳՀՄ) շարունակում է իրականացնել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար ձեռնարկատիրական կրթության զարգացման ծրագրի երրորդ խմբի դասընթացները։ Ծրագրի երրորդ փուլն անցկացվում է հիբրիդ ձևաչափով՝ համատեղելով ինչպես առկա, այնպես էլ առցանց հանդիպումները։
-
25-օգոստոսի-2025Շարունակվում են Հայաստանի գործատուների հանրապետական միության նախաձեռնությամբ իրականացվող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար նախատեսված ձեռնարկատիրական կրթության զարգացման ծրագրի երրորդ խմբի դասընթացները։
-
20-օգոստոսի-2025Օգոստոսի 12-ին մեկնարկեցին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար նախատեսված ձեռնարկատիրական կրթության զարգացման ծրագրի երրորդ խմբի դասընթացները, որոնք իրականացվում են Հայաստանի գործատուների հանրապետական միության նախաձեռնությամբ։ Ծրագիրը նպատակաուղղված է մեր արցախցի հայրենակիցների բիզնես մտածողության ու գործարար հմտությունների զարգացմանը, նրանց ինքնազբաղվածության և ձեռներեցության խթանմանը, սոցիալ–տնտեսական ինտեգրմանը։