ԼՂ-ից տեղահանված անձանց բիզնես կարողությունների զարգացում՝ ֆինանսական գրագիտության միջոցով
Շարունակվում են Հայաստանի գործատուների հանրապետական միության նախաձեռնությամբ իրականացվող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար նախատեսված ձեռնարկատիրական կրթության զարգացման ծրագրի երրորդ խմբի դասընթացները։

Ծրագրի երրորդ փուլն անցկացվում է հիբրիդ ձևաչափով՝ համատեղելով ինչպես առկա, այնպես էլ առցանց հանդիպումները։
Օգոստոսի 19-23-ը կազմակերպված դասերը վարեց «Հայաստանի ֆինանսիստների ասոցիացիա» ՀԿ նախագահ, ֆինանսական ոլորտի փորձագետ, տ.գ.թ. Սողոմոն Միրզոյանը։ Դասընթացների ընթացքում մասնակիցներն ուսումնասիրեցին բիզնեսի ֆինանսական կառավարման կարևորագույն սկզբունքները՝ սկսած ռազմավարական և ֆինանսական պլանավորման կառուցվածքից մինչև ինքնարժեքի հաշվարկի մեթոդաբանություն։



Դասընթացի ֆինանսական գրագիտությանն ուղղված մոդուլի շրջանակներում մանրամասն անդրադարձ կատարվեց այն թեմաներին, որոնք կարևոր նշանակություն ունեն յուրաքանչյուր բիզնեսի արդյունավետության և կայունության համար․
- բյուջետավորում և կանխիկ հոսքերի կառավարում,
- ծախսերի օպտիմալացում և շահութաբերության բարձրացում,
- ֆինանսական վերլուծության գործիքների կիրառում,
- ռիսկերի գնահատում և կանխարգելում,
- ֆինանսավորման ժամանակակից աղբյուրների ուսումնասիրություն, ներառյալ` ներդրումների ներգրավում և վարկային գործիքների ճիշտ ընտրություն։




Այս թեմաների շուրջ ստացած գիտելիքները մասնակիցներին հնարավորություն տվեցին ոչ միայն գործնականում կիրառել հաշվարկային գործիքները ռիսկերի նվազեցման և բիզնեսի կայունության բարձրացման համար, այլև ավելի հստակ պատկերացնել իրենց բիզնեսի ֆինանսական առողջությունը, գնահատել զարգացման հնարավոր ուղիները և մշակել երկարաժամկետ աճի համար անհրաժեշտ ռազմավարություններ։


Դասընթացի ընթացքում մասնակիցները գործնական առաջադրանքների միջոցով ոչ միայն հնարավորություն ունեցան կիրառելու ստացած գիտելիքները, այլև սովորելու, թե ինչպես կարող են հաշվարկային գործիքներն օգտագործել ռիսկերի նվազեցման և բիզնեսի կայունության բարձրացման համար։ Նրանք վերլուծեցին իրական դեպքեր, գնահատեցին տարբեր ֆինանսական սցենարների ազդեցությունը բիզնեսի վրա և մշակեցին կանխատեսման մեխանիզմներ՝ կանխիկ հոսքերի կառավարման, ծախսերի օպտիմալացման և եկամտաբերության աճի ուղղություններով։ Այս մոտեցումը թույլ տվեց մասնակիցներին հասկանալ, որ ֆինանսական գրագիտությունը միայն թվերի հետ աշխատանք չէ․ այն ռազմավարական մտածողություն է, որն ապահովում է ճիշտ որոշումների կայացում, վստահելի համագործակցություն և բիզնեսի երկարաժամկետ զարգացում։



Դասերն ուղեկցվեցին ինտերակտիվ քննարկումներով, որոնց ընթացքում մասնակիցները ներկայացրեցին իրենց բիզնես գաղափարները և ստացան անհատական խորհրդատվություն Սողոմոն Միրզոյանից։
Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվում է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) աջակցությամբ՝ «ԱՄԿ լիազոր գործընկերների կարողությունների զարգացում՝ աշխատանքի ոչ ֆորմալ դրսևորումների կանխման և ֆորմալացման անցման խթանման ուղղությամբ, փախստականների հետ կապված ճգնաժամի համատեքստում» նախաձեռնության շրջանակներում։
վերջին նախագծեր
-
12-սեպտեմբերի-2025Սեպտեմբերի 6-ին ավարտվեցին Հայաստանի գործատուների հանրապետական միության կողմից իրականացվող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար ձեռնարկատիրական կրթության զարգացման ծրագրի երրորդ խմբի դասընթացները։ Ծրագրի նպատակն էր զարգացնել շահառուների բիզնես հմտություններն ու աջակցել սեփական բիզնես սկսելու գործնական քայլերում։
-
29-օգոստոսի-2025Հայաստանի գործատուների հանրապետական միությունը (ՀԳՀՄ) շարունակում է իրականացնել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար ձեռնարկատիրական կրթության զարգացման ծրագրի երրորդ խմբի դասընթացները։ Ծրագրի երրորդ փուլն անցկացվում է հիբրիդ ձևաչափով՝ համատեղելով ինչպես առկա, այնպես էլ առցանց հանդիպումները։
-
20-օգոստոսի-2025Օգոստոսի 12-ին մեկնարկեցին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար նախատեսված ձեռնարկատիրական կրթության զարգացման ծրագրի երրորդ խմբի դասընթացները, որոնք իրականացվում են Հայաստանի գործատուների հանրապետական միության նախաձեռնությամբ։ Ծրագիրը նպատակաուղղված է մեր արցախցի հայրենակիցների բիզնես մտածողության ու գործարար հմտությունների զարգացմանը, նրանց ինքնազբաղվածության և ձեռներեցության խթանմանը, սոցիալ–տնտեսական ինտեգրմանը։