Ամփոփվեց ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար ձեռնարկատիրական կրթության զարգացման ծրագրի երկրորդ փուլը
Օգոստոսի 9-ին ամփոփվեցին Հայաստանի գործատուների հանրապետական միության կողմից իրականացվող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար ձեռնարկատիրական կրթության զարգացման ծրագրի երկրորդ խմբի դասընթացները։
Ծրագրի նպատակն է զարգացնել շահառուների բիզնես հմտությունները և աջակցել սեփական բիզնես սկսելու գործընթացում՝ տրամադրելով անհրաժեշտ տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ մրցունակ, կայուն և եկամտաբեր բիզնես կառուցելու համար։


Ծրագրի երկրորդ խմբի դասընթացներն իրականացվեցին առցանց ձևաչափով՝ ծրագրի աշխարհագրական հասանելիությունը ընդլայնելու և ՀՀ մարզերում բնակվող շահառուներին մասնակցության հնարավորություն տալու նպատակով։
Հուլիսի 15-ից մինչև օգոստոսի 9-ը իրականացված 12 թեմատիկ դասընթացների շրջանակներում մասնակիցներն ուսումնասիրեցին բիզնես պլանավորման ամբողջ գործընթացը՝ սկսած բիզնես պլանի կառուցվածքի և նպատակների ձևակերպումից մինչև ֆինանսական կանխատեսումների և բյուջետային պլանների կազմումը։ Նրանք մանրամասն ծանոթացան բիզնեսի կազմակերպման իրավակարգավորումներին, մասնավորապես՝ պետական գրանցման գործընթացի փուլերին, օրենսդրական պահանջներին և կիրառելի ընթացակարգերին, ինչպես նաև տարբեր տնտեսական միջավայրերում փոքր և միջին բիզնեսի ուժեղ և թույլ կողմերին։
Մասնակիցները ձեռք բերեցին գիտելիքներ ֆինանսական պլանավորման սկզբունքների, շահութաբերության վերլուծության մեթոդների, ինքնարժեքի հաշվարկման մոտեցումների, բիզնեսի ծախսածածկման կետի որոշման մեթոդների և գնագոյացման ռազմավարությունների վերաբերյալ։ Դասընթացների ընթացքում անդրադարձ կատարվեց նաև ֆինանսական կազմակերպությունների և կապիտալի ներգրավման տարբեր աղբյուրներին, քննարկվեցին ֆինանսավորման հնարավոր եղանակները և համագործակցության արդյունավետ մոդելները։
Դասընթացները վարում էին ոլորտում փորձառու մասնագետներ՝ ՀԳՀՄ Խորհրդի անդամ, տնտեսագիտության տեսաբան և ֆինանսիստ Միհրան Թադևոսյանը և ՀԳՀՄ Խորհրդի անդամ, Հայաստանի ֆինանսիստների ասոցիացիայի նախագահ, ֆինանսական փորձագետ, տ.գ.թ. Սողոմոն Միրզոյանը։
Ծրագրի մասնակիցներն իրենց երախտագիտությունը հայտնեցին կազմակերպիչներին` ընդգծելով, որ ծրագիրը ոչ միայն նոր գիտելիքների և հմտությունների ձեռքբերման կարևոր հնարավորություն էր, այլև նոր մեկնարկ սեփական գաղափարները կյանքի կոչելու և կայուն ձեռնարկություն հիմնադրելու համար:
Երկրորդ խմբի դասընթացներին մասնակցած 24 շահառուներից 13-ը ծրագրի ավարտին արդեն իսկ մշակել և ներկայացրել են բիզնես պլաններ՝ հիմնված իրենց անձնական նախաձեռնությունների վրա, ինչը վկայում է դասընթացի գործնական արդյունավետության մասին։


Ծրագիրն ունի շարունակական բնույթ․ արդեն իսկ մեկնարկել է ձեռնարկատիրական կրթության զարգացման ծրագրի երրորդ փուլի դասընթացները, որոնք իրականացվում են հիբրիդային ձևաչափով։
Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվում է ԱՄԿ աջակցությամբ՝ ՀՀ-ում ֆորմալացման խթանման նախաձեռնության շրջանակում։
















վերջին նախագծեր
-
12-սեպտեմբերի-2025Սեպտեմբերի 6-ին ավարտվեցին Հայաստանի գործատուների հանրապետական միության կողմից իրականացվող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար ձեռնարկատիրական կրթության զարգացման ծրագրի երրորդ խմբի դասընթացները։ Ծրագրի նպատակն էր զարգացնել շահառուների բիզնես հմտություններն ու աջակցել սեփական բիզնես սկսելու գործնական քայլերում։
-
29-օգոստոսի-2025Հայաստանի գործատուների հանրապետական միությունը (ՀԳՀՄ) շարունակում է իրականացնել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար ձեռնարկատիրական կրթության զարգացման ծրագրի երրորդ խմբի դասընթացները։ Ծրագրի երրորդ փուլն անցկացվում է հիբրիդ ձևաչափով՝ համատեղելով ինչպես առկա, այնպես էլ առցանց հանդիպումները։
-
25-օգոստոսի-2025Շարունակվում են Հայաստանի գործատուների հանրապետական միության նախաձեռնությամբ իրականացվող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար նախատեսված ձեռնարկատիրական կրթության զարգացման ծրագրի երրորդ խմբի դասընթացները։