Հայաստանում պարենի անվտանգության համակարգի գնահատումը. շուկայի ֆունկցիոնալությունը և մատակարարման շղթայի դինամիկան
Հայաստանի Գործատուների հանրապետական միությունը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հետ համագործակցությամբ 2020 թ-ի օգոստոս - 2021 թ. հունիս ժամանակահատվածում մշակել և իրականացրել է Հայաստանում պարենի անվտանգության համակարգի ուսումնասիրություն և գնահատում:
Ուսումնասիրությունը համաֆինանսավորել են Հայաստանի Գործատուների հանրապետական միությունը և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը:
Այս սիստեմատիկ ուսումնասիրությունը գնահատել է Հայաստանում պարենի անվտանգության համակարգը ճգնաժամերի ընթացքում, հատկապես COVID-19 համաճարակի ամիսներին, ինչպես նաև ստեղծել գիտելիքների բազա Հայաստանում ապագայում պարենի անվտանգության նոր քաղաքականության մշակմանը աջակցելու համար:
Հետազոտական թիմը ուսումնասիրել է Հայաստանում պարենի անվտանգության համակարգը և՛ օրենսդրության, և՛ պարենի և առաջին անհրաժեշտության ապրանքների շուկայի, և՛ մատակարարման շղթաների տեսակետից: Մասնավորապես գնահատվել են առնչվող օրենսդրության և քաղաքականության ուժեղ, թերի, և հակասական կողմերը, պարենի ու շուկայի և մատակարարման շղթայի կայունությունն ու դիմակայունությունը Հայաստանում աղետների պարագայում, ինչպիսիք էին Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմը և գլոբալ COVID-19-ի համաճարակը, ինչպես նաև Հայաստանում մատակարարման շղթաների կախվածությունը և խոցելիությունը արտաքին շուկաներից: Հետազոտությունը նաև ուսումնասիրել է COVID-19- ի ընթացքում Հայաստանում ագրոբիզնեսի առջև ծառացած մարտահրավերները:
Ուսումնասիրությունը և տվյալների վերլուծություններն անցկացվել են երեք մակարդակով՝ ամբողջ Հայաստանի հանրապետության, ինչպես նաև բոլոր մարզերի և մարզկենտրոն-համայնքների մակարդակով: Եզրակացությունները վերհանել են ամեն մակարդակի համար պարենի անվտանգության խնդիրների բնույթը և յուրահատկությունները, և դրանց լուծման հնարավոր ճանապարհները:
Քանի որ պարենի անվտանգության խնդիրները յուրահատուկ են տարվա տարբեր եղանակներին, ուստի հետազոտական թիմը ուսումնասիրությունը կառուցել է ըստ 3 փուլերի ամեն տարվա եղանակի/սեզոնի համար՝ գարուն-ամառ, աշուն և ձմեռ՝ այսպիսով ձևավորելով պարենի անվտանգության խնդիրների բնույթը ըստ տարվա սեզոնների:
Այս բազմափուլ ուսումնասիրությունը կիրառել է համապարփակ մեթոդաբանություն՝
- 4222 ստանդարտացված սոցիոլոգիական հարցում առևտրակետերի հետ Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում
- Գարուն-ամառ (1378 հարցում)
- Աշուն (1444 հարցում)
- Ձմեռ (1400 հարցում)
- 232 ստանդարտացված հարցում մատակարարողների, ներմուծողների, դիստրիբյուտորների և սնունդ վերամշակող ընկերությունների հետ
- Գարուն-ամառ (56)
- Աշուն (76)
- Ձմեռ (100)
- 500 էլեկտրոնային ստանդարտացված հարցում ագրոբիզնեսների հետ,
- 211 խորացված հարզազրույց առևտրակետերի, մատակարարների հետ, մարզպետների, համայնքապետերի, քաղաքական գործիչների և պարենի անվտանգության ոլորտում փորձագետների և քաղաքականություն մշակողների հետ,
- օրենսդրության, պարենի քաղաքականության հայեցակարգի, վիճակագրական տվյալների և առնչվող գրականության վերլուծություն:
Հետազոտության ընթացքում Հայաստանի գործատուների հանրապետական միությունը նաև փորձարկել և արդյունքում մշակել է մեթոդաբանություն ապագայում Հայաստանում պարենային անվտանգությունը կանոնավոր և պարբերաբար գնահատելու համար:
Հետազոտությունը ցույց տվեց, որ Հայաստանում, ի տարբերություն Արևմուտքի զարգացած պետությունների, COVID-19- ի ամիսներին պարենի դեֆիցիտի խնդիրներ չծագեցին: Դա մասնավորապես պայմանավորված էր նրանով, որ Հայաստանում սպառումը նվազեց COVID-19 ամիսներին: Նաև Հայաստանում առևտրակետերը փոքր են, ու իրենց սահմանափակ ենթակառուցվածքների պատճառով պահուստի պաշարները նույնպես փոքր են, որը իր հերթին ստիպում է առևտրակետերին հաճախ, բայց փոքր քանակներով թարմացնել ապրանքները: Հենց այդ փոքր պաշարներով թարմացնելու հաճախականությունն էլ Հայաստանի առևտրակետերին տալիս է ճկունություն արագ հարմարվելու սպառողի պահանջներին:
Բայց դա չի նշանակում, որ Հայաստանը պարենի անվտանգության խոցելիություն չունի: Հայաստանի հիմնական խոցելիությունը իր մատակարարման համակարգում է: Հայաստան ապրանք մատակարարող երկրները բազմազան չեն և հիմնականում մի քանիսն են: Այդ երկրներում հումքի ու արտադրանքի գների փոփոխությունները ազդում են Հայաստանում գների վրա: Այսպիսով, Հայաստանում պարենի անվտանգության խոցելիությունը հիմնականում դրսևորվում է գների տատանելիության ձևով, ոչ դեֆիցիտի:
Վերլուծությունը ցույց տվեց նաև, որ պարենի անվտանգության քաղաքականությունը Հայաստանում նույնպես սահմանափակ մոտեցում է կրում, և պարենի անվտանգությունը ընկալվում է որպես գյուղատնտեսության մաս: Մինչդեռ պարենի անվտանգության հենց ամենախոցելի առումները Հայաստանում կապված են Հայաստանի տնտեսության մյուս ճյուղերի զարգացումից, օրինակ՝ ենթակառուցվածքները, ինչպիսիք են ջրամբարները, ոռոգումը, պահուստները, սառնարանային համակարգերը, տրանսպորտային համակարգերը, փաթեթավորումն ու մարկետինգ, և այլն: Սրանք նպաստում են սննդի արտադրության շղթային ու անխուսափելիորեն Հայաստանի տնտեսության մյուս սեկտորների հետ են կապված:
Ուստի պարենի անվտանգությունը Հայաստանում զարգացնելու համար պարենի քաղաքականությունը պետք է իր առաջ խնդիր դնի, թե ինչպե՞ս զարգացնի պարենի անվտանգությունը, որ այն ընդգրկի ու զարգացնի նաև ՀՀ տնտեսության մյուս ճյուղերը:
ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԵՏԵՎՅԱԼՆ ԵՆ`
Վերլուծական զեկույցներ
- Հայաստանում պարենի անվտանգության համակարգի գնահատումը. Շուկայի ֆունկցիոնալությունը և մատակարարման շղթայի դինամիկան, ամառ, 2020թ.
- Հայաստանում պարենի անվտանգության համակարգի գնահատումը. Շուկայի ֆունկցիոնալությունը և մատակարարման շղթայի դինամիկան, ամառ և աշուն, 2020թ.
- Հայաստանում պարենի անվտանգության համակարգի գնահատումը. Շուկայի ֆունկցիոնալությունը և մատակարարման շղթայի դինամիկան, ամառ, աշուն, ձմեռ, 2020-2021թթ.
Վերլուծական համառոտագրեր
- Պարենի անվտանգության համակարգը Հայաստանում. քաղաքականությունը տարիների ընթացքում, շուկայի ֆունկցիոնալությունը, մատակարարման շղթաները: Դեկտեմբեր, 2020թ.
- Պարենի անվտանգությունը Հայաստանի մարզերում: Մայիս, 2021թ.
- Պարենի անվտանգությունը և COVID-19-ի մեկ տարին Հայաստանում. Շուկայի ֆունկցիոնալությունը և մատակարարման շղթայի դինամիկան: Հունիս 2021թ.
- Հայաստանի պարենի անվտանգության քաղաքականության և գործողությունների ծրագրերի վերլուծություն, 1991-2021: Հունիս 2021թ.
- Հայաստանի հանրապետության գյուղատենտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների ռազմավարություն 2020-2030թթ.: Հունիս 2021թ.
վերջին նախագծեր
-
12-սեպտեմբերի-2025Սեպտեմբերի 6-ին ավարտվեցին Հայաստանի գործատուների հանրապետական միության կողմից իրականացվող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար ձեռնարկատիրական կրթության զարգացման ծրագրի երրորդ խմբի դասընթացները։ Ծրագրի նպատակն էր զարգացնել շահառուների բիզնես հմտություններն ու աջակցել սեփական բիզնես սկսելու գործնական քայլերում։
-
29-օգոստոսի-2025Հայաստանի գործատուների հանրապետական միությունը (ՀԳՀՄ) շարունակում է իրականացնել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար ձեռնարկատիրական կրթության զարգացման ծրագրի երրորդ խմբի դասընթացները։ Ծրագրի երրորդ փուլն անցկացվում է հիբրիդ ձևաչափով՝ համատեղելով ինչպես առկա, այնպես էլ առցանց հանդիպումները։
-
25-օգոստոսի-2025Շարունակվում են Հայաստանի գործատուների հանրապետական միության նախաձեռնությամբ իրականացվող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար նախատեսված ձեռնարկատիրական կրթության զարգացման ծրագրի երրորդ խմբի դասընթացները։